Լրահոս

19.05.2011 13:50


Ժիրայր Սեֆիլյան. «Մեզ համար ՀԱԿ ցուցակը ոչ մի կարևորություն ու նշանակություն չի ունեցել»

Ժիրայր Սեֆիլյան. «Մեզ համար ՀԱԿ ցուցակը ոչ մի կարևորություն ու նշանակություն չի ունեցել»

ՀԱԿ–ի 18 կուսակցությունների ցուցակում «Հայ կամավորների համախմբում» նախաձեռությունը կա, սակայն իր՝ Ժիրայր Սեֆիլյանի համար այդ ցուցակը գոյություն չունի.

Մենք այդ ցուցակին շատ կարևորություն չենք տալիս, որովհետև խնդիրը ցուցակի խնդիրը չէ։ Այս դեպքում «Հայ կամավորականների համախմբում»–ին, ըստ էության, ընդդիմադիր դաշտի կազմակերպությունները չէ, որ հետաքրքրել են, այլ պայքարող ժողովուրդն ու այդ պայքարը ճիշտ ուղիով տանելը,–ասել է Ժիրայր Սեֆիլյանն ու ընդգծել, որ եթե այսօր ղեկավարությունը շեղվել է այդ ընթացքից, հետևաբար ցուցակի առկայությունն էլ անհասկանալի է դառնում։

Ինչ վերաբերում է ցուցակից դուրս գալուն, Ժ. Սեֆիլյանն ասել է, թե ինքն արդեն երկար ժամանակ է, ինչ որևէ ժողովի չի մասնակցում, բայց կամավորականների շրջանակից մի քանի հոգի կան, ովքեր պարբերաբար մասնակցում են, ու իրենց մասնակցության պատճառն էլ այն է, որ իրենք չեն ցանկանում որևէ բան պառակտել։ Նա նշել է, որ իրենք ՀԱԿ–ը չեն դիտարկել որպես ինչ–որ դաշինք կամ ինչ–որ ուխտ։

Անդրադառնալով ցուցակում մնալու նպատակահարմարությանը՝ նա նշել է, որ պայքարից հրաժարվողները պետք է հեռանան այնտեղից, իսկ իրենք ճիշտ պայքարող ժողովրդի կողքից դուրս եկողը չեն։

Մեզ համար այդ ցուցակը ոչ մի կարևորություն ու նշանակություն չի ունեցել։ Ենթադրում եմ, որ ՀԱԿ–ի համար այն կարևորություն կունենա, որովհետև նրանք միշտ փորձել են գործել նախընտրական տրամաբանությամբ, և նմանատիպ ծրագրի համար այդ ֆոները միշտ պետք են եղել։

Նրա համոզմամբ, սակայն, այս վարչախմբի օրոք որևէ փոփոխություն չի լինելու, ուստի նախընտրական այդ ֆոներն իրենց, ի տարբերություն ՀԱԿ–ի, չի հետաքրքրել։

Մենք այդ դաշտում եղել ենք միայն ու միայն չպառակտելու նպատակով ու երբեք հակառակորդի ջրաղացին ջուր չլցնելու պատճառով։

Այսօր մեր երկրում կատարվող ամեն ինչ, ըստ Ժ. Սեֆիլյանի, վերահսկվում է իշխանությունների, այլ ոչ թե ընդդիմադիր որևէ միավորի կողմից։ Դա է պատճառը, որ իրենց գլխավոր թիրախը հենց իշխանություններն են, ու ինքն էլ մշտապես ավելի սուր ու հստակ քննադատությամբ հանդես է գալիս իշխանությունների դեմ.

Պետք է չխառնենք գլխավոր թիրախը շեղող թիրախներից, դրա համար տարակարծություններ ընդդիմադիր դաշտում կլինեն, սակայն ընդգծված հակառակորդ ընդդիմադիր դաշտում պետք չէ լինել։

Ընդդիմադիր ասելով՝ Ժիրայր Սեֆիլյանը հասկանում է այն ուժերին, որոնք պատրաստ չեն ներկա վարչախմբի հետ որևէ խոսակցություն վարելու։ ՀԱԿ–ը, նրա խոսքերով, շեղվել է այդ գծից։

Այս ռեժիմի հետ խոսակցության, ըստ նրա, կարելի է նստել միայն մեկ օրակարգով՝ իշխանությունների հրաժարականի շուրջ, բայց պարզ է, որ նման բան չի լինում։ Մինչև ապրիլի 28–ը ես պարբերաբար իմ հորդորները ՀԱԿ–ին ներկայացրել եմ, բայց ես ասել եմ, որ եթե նրանք մեզ չեն լսելու, 28–ին տեղի է ունենալու ոչ թե ջրբաժանը իշխանությունների ու ժողովրդի միջև, այլ տեղի է ունենալու ջրբաժանը ժողովրդի և ՀԱԿ–ի միջև,–ասել է Ժիրայր Սեֆիլյանն ու ընդգծել, որ այդ գործընթացը, դժբախտաբար, սկսվել է։

Նա համոզված է, որ բռնատիրական վարչակարգի օրոք եթե ՀԱԿ–ը պատրաստվի մասնակցելու որևէ մի ընտրության՝ լինի արտահերթ, թե հերթական, ապա նրանք շատ կարճ ժամանակում նույնացվելու են իշխանությունների հետ ու դառնալու են ժողովրդի աչքի փուշը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը