Լրահոս

19.05.2011 11:14


Այսօր կորոշվի Հայաստանի գլխավոր օտարալեզը

Այսօր կորոշվի Հայաստանի գլխավոր օտարալեզը

2010-2011թթ. փոփոխություններ կատարվեցին ՀՀ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում, որոնց հետևանքով օտարալեզու դպրոցների վերաբացման վտանգը ծառացավ հայոց լեզվի և հայալեզու կրթության առջև: Այդ պատճառով «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հիմնեց «մրցանակ», որով առանձնացվում և հանրությանն ու գալիք սերունդներին են ներկայացվում հայոց լեզվին և հայալեզու կրթությանը առավել վնաս հասցրած գործիչները և կազմակերպությունները:

Այս կապակցությամբ հինգշաբթի՝ մայիսի 19-ին՝ ժամը 16։00-ին, Մատենադարանի մոտ՝ Մաշտոցի արձանին կից տարածքում, տեղի է ունենալու 2010-2011թթ. Արմեն Աշոտյանի անվան օտարալիզության մրցանակի մրցանակաբախշության արարողությունը, որը ընթացքում հայտնի կդառնան առցանց քվեարկության արդյունքների հիման վրա ընտրված «հաղթողների» անունները: Մրցանակաբախշության հավակնորդներն են՝ • Այն 69 պատգամավորները, որոնք 2010թ. դեկտեմբերին Ազգային ժողովում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել են «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխությունները,

• Գեղամյան Արտաշեսը,

• «Դիլիջան միջազգային դպրոցի» հոգաբարձուների խորհրդի հայազգի անդամներ Աֆեյան Նուբարը, Գրիգորյան Վարդանը, Մկրտչյան Էնդրյուն, Պողոսյան Հրանտը, Սարգսյան Արմենը, Սարգսյան Տիգրանը, Վարդանյան Ռուբենը,

• Եսաջանյան Բելլան, մանկավարժական համալսարանի պրոֆեսոր,

• Երիցյան Սերգոն, Լեզվի պետական տեսչության պետ,

• Հարությունյան Խոսրովը, նախկին վարչապետ,

• Ղուկասյան Վարդանը, Գյումրի քաղաքի քաղաքապետ,

• Սարգսյան Սերժը, ՀՀ նախագահ,

• Սարգսյան Տիգրանը, ՀՀ վարչապետ,

• Վարդանյան Ռոբերտը, «Քվանտ» վարժարանի տնօրեն։

Ինչպես «7օր»–ի հետ զրույցում ասել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը, դեռ անցած տարի հայտարարվել էր, որ մրցանակաբաշխությունը պետք է լիներ, սակայն որոշակի ընդմիջում եղավ՝ կապված ներքին կազմակերպչական հարցերի հետ։

Քվեարկությունը տևեց մեկ շաբաթ, շատ ժողովրդավար ձևով։ Արդյունքներն ամփոփեցինք, հիմա էլ հանձնելու ենք։ Սա արվում է նաև, որ թե՛ հանրությունը, թե՛ հակառակ կողմը հասկանան, որ այս հարցը շատ վառ է մեզ համար, և մենք շարունակում ենք մեր պայքարը,–ասել է Ա. Հովհաննիսյանը։

Իշխանությունները, նրա խոսքերով, որոշել են ավելի խորամանկ քայլի դիմել ու, 12 դպրոցի քվոտաները լրացնելու փոխարեն, փորձարարական և այլ ծրագրերի անվան տակ ցանկանում են ավագ դպրոցներն օտարալեզու դարձնել, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ քանակական սահմանափակում չկա, և հնարավոր է, որ ավագ դպրոցների կեսից ավելին օտարալեզու դառնա։

Հետևաբար նախաձեռնությունը մրցանակաբաշխությունից հետո էլ գործողություններ կձեռնարկի, սակայն դրանք կորոշվեն հետագայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը