Լրահոս

19.05.2011 00:07


Իսրայելի խորհրդարանը որոշեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկել կրթության հանձնաժողովում

ՀՅԴ Հայ Դատի Երուսաղեմի հանձնախումբը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին Իսրայելի խորհրդարանը (Կնեսետը) քննարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանի կրթության հանձնաժողովին փոխանցելու` «Մերեց» կուսակցության (պատգամավոր Զահավա) առաջարկը։ Նիստին մասնակցող 20 պատգամավորները, նաեւ կառավարության ներկայացուցիչները միաձայն որոշել են հարցը փոխանցել կրթության հանձնաժողովին։

Ըստ ՀՅԴ Հայ Դատի Երուսաղեմի հանձնախումբի ներկայացուցիչ Հակոբ Սեւանի գնահատման` այս որոշումը դրական տեղաշարժ է։

Հիշեցնենք, որ նախկինում  խորհրդարանը որոշել էր  հարցը քննարկել պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որն իր նիստերը  գումարում է դռնփակ: Մտահոգությունն այն էր, որ նման պայմաններում  հարցը քննարկման դնելով, հանձնաժողովը  Ցեղասպանության հարցի ճանաչման  վերաբերյալ կարող է  խորհրդարանին բացասական կարծիք տալ:

Ավելի քան կես ժամ տևած քննարկմանը  մասնակցել են  տարբեր կուսակցությունների  պատգամավորներ։ Արտաքին գործերի նախարարության տեսակետը փոխանցել է կրոնի նախարարը` հայտնելով, թե հարցը պետք է պահել պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, եւ Իսրայելը  պետք է աջակցի Հայաստան-Թուրքիա երկխոսությանը։ Միաժամանակ, նախարարը հայտնել է իր անձնական տեսակետը, որ ժամանակն է այս հարցի մասին հստակ որոշում կայացնել եւ այդ նպատակով  հարցը փոխանցել կրթության հանձնաժողովին։

Ելույթ  է ունեցել   նաեւ վարչապետի «Լիքուդ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Զեեւ Էլկինը, որը ևս կողմ  է արտահայտվել  հարցը կրթության հանձնաժողով փոխանցելու առաջարկին։

Բոլոր ելույթ ունեցողները, ներառյալ՝ խորհրդարանի նախագահը, կողմ են  արտահայտվել  առաջարկին։ Նրանք  շեշտել են, որ Թուրքիայի  հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է պատճառ դառնան, որ Իսրայելը չճանաչի պատմական իրողությունը:

Խորհրդարանի նիստին ներկա  են եղել Հայ Դատի Երուսաղեմի հանձնախմբի ներկայացուցիչներ Հակոբ Սեւանը, Ժորժետ Ավագյանը եւ ուրիշներ, ովքեր հայտնել են, որ Հայ Դատի հանձնախումբը  շարունակելու է աշխատել այս ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջերին  ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի ատենապետ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Հայ Դատի Երուսաղեմի հանձնախմբի ներկայացուցիչների ընկերակցությամբ,  հանդիպումներ էր ունեցել Իսրայելի խորհրդարանական կուսակցությունների`  Սոցինտերնի անդամ «Մերեց» եւ Աշխատավորական կուսակցությունների ներկայացուցիչների  հետ։ Նա նաեւ հանդիպել էր  Սոցինտերնի անդամ պաղեստինյան ՖԱԹՀ կազմակերպության արտաքին կապերի պատասխանատուի հետ, ինչպես նաեւ Իսրայելի «Լիքուդ» կուսակցության խմբակցության ղեկավար Զեեւ Էլկինի հետ։

ՀՅԴ Մամլո դիվան

Այս խորագրի վերջին նյութերը