Աշխարհ

04.02.2021 22:19


Ղրղզստանում մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալվել է երկրորդ նախկին վարչապետը

Ղրղզստանում մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալվել է երկրորդ նախկին վարչապետը

Ղրղզստանի նախկին վարչապետ, խորհրդարանի պատգամավոր Կուբանիչբեկ Ժումալիևը ձերբակալվել է կոռուպցիայի կասկածանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Interfax»-ը, այս մասին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն:

Քննության տվյալներով՝ Ժումալիևը, լինելով պատգամավոր եւ միաժամանակ Ղրղզստանում միջազգային բժշկական համալսարանի փաստացի սեփականատեր, ճնշում գործադրելով եւ օգտագործելով իր քաղաքական ազդեցությունը, ապօրինաբար ստացել է կրթական գործունեություն վարելու իրավունքի արտոնագիր:

Բացի այդ, հաստատվել են Ժումալիեւի, ինչպես նաեւ նրա հետ փոխկապակցված անձանց եւ տնտեսվարող սուբյեկտների կողմից ապօրինի հարստացման, հանցավոր եկամուտների օրինականացման եւ առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու փաստերը:

Ժումալիեւը 1996-1998 թվականներին զբաղեցրել է Ղրղզստանի վարչապետի պաշտոնը: 2015 թվականից նա հանդիսանում է Ղրղզստանի խորհրդարանի պատգամավոր:

Մինչ այդ, հունվարի 28-ին ձերբակալվել էր Ղրղզստանի մեկ այլ նախկին վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիեւը, նրան կասկածում են կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը