Լրահոս

18.05.2011 14:28


Սլովակիայի ամենահայտնի շաբաթաթերթերից «Týždeň»-ը հրապարակել է ծավալուն հոդված Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Սլովակիայի ամենահայտնի շաբաթաթերթերից «Týždeň»-ը /«Տիժդեն»/ հրապարակել է ծավալուն հոդված Հայոց ցեղասպանության շուրջ: Հոդվածի հեղինակը` հայտնի լրագրող և ֆոտոթղթակից Անդրեյ Բանը, ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի հովանավորությամբ երկշաբաթյա այցով գտնվում էր Հայաստանում` ցեղասպանության տարելիցը լուսաբանելու,  և Արցախում` արցախյան հիմնահարցն եվրոպական լայն զանգվածներին ներկայացնելու նպատակով: Ցեղասպանության շուրջ հոդվածը տեղավորված է շաբաթաթերթի կենտրոնական էջերում և ներկայացված է վեց լուսանկարներով, որոնցից մեկը գրավում է երկու էջ: Հատկապես ցնցող է ստացվել «Երևան 23-ը ապրիլի 2011. նրանց նախնիները ցեղասպանություն են ապրել» խորագրով լուսանկարը, որի կենտրոնում ջահը ձեռքին կանգնած հայ պատանին է: Հոդվածը ներկայացված է ջերմ և զգացմունքային տոնայնությամբ ու կոչ է հանդիսանում համայն մարդկությանը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման պահանջով: Հոդվածագիրը տարակուսանք է հայտնում հատկապես Հայոց ցեղասպանության ընդունման շուրջ գերտերությունների այսօրվա վերաբերմունքի կապակցությամբ: Նույնիսկ մասերից մեկի վերնագիրը հետևյալն է «Օբաման 100-ամյա այս ոճիրը ընդամենը անվանում է «գազանություն»»: Այս հատվածում ցավով է նշվում, որ Միացյալ Նահանգների կոնգրեսը քաջություն չունի դեռևս պաշտոնապես հաստատելու Հայոց ցեղասպանության փաստը, երբ Սլովակիան արդեն 2004թ-ին այն ճանաչել է: Եվ սա այն դեպքում, երբ ազգությամբ հրեա Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» իրավաբանական եզրը պատրաստելուց օգտվել էր հենց Հայոց ցեղասպանության փաստերից: Անդրեյ Բանը լուսանկարների բարձրարվեստ ալբոմի հեղինակ է, որտեղ ներկայացված են վերջին տարիներին աշխարհի բոլոր թեժ կետեր նրա այցելությունների ժամանակ կատարված լուսանկարները: Հայաստան նա ժամանեց Ճապոնիա կատարած իր երկշաբաթյա աշխատանքային այցից հետո` այս, Հայաստան և Արցախ այցերի ընթացքում պատրաստած լուսանկարները հաջորդ գրքում զետեղելու նպատակով:

Կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հայկական սփյուռքի կողմից սկսված աշխատանքներին անկասկած սատարելու է Անդրեյ Բանի և ԵՀՄՖ-ի մյուս գործընկերների գործունեությունը եվրոպական երկրներում:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը