Լրահոս

18.05.2011 13:57


Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողները սպառնացել են հեռանալ

Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողները  սպառնացել են հեռանալ

Լրագրողներ հետ հանդիպման ժամանակ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոսական կազմը կրկին անդրադարձել և իր վրդովմունքն է հայտնել ՀՀ մշակույթի նախարարության այն որոշման վերաբերյալ, ըստ  որի երաժիշտ Ակսել Բակունցի տնօրինությամբ գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը պետք է վերակազմակերպվի՝ միացվելով երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երևանի մշակույթի պետական քոլեջին։

–Մենք կարծում էինք, թե Մշակույթի նախարարությունը հաշվի  կառներ մեր  հանրապետության լավագույն երգիչների, երաժիշտների կարծիքը, որ Ջազ քոլեջը չպետք է լուծարել, որը ավանդ ունի Հայաստանի  մշակույթի ասպարեզում, բայց, ցավոք, երկու  օր առաջ նախարարությունից ներակայանում են ու տանում են մեր կանոնադրությունն ու  պետռեգիստրի վկայականը։ Սա է մեր  վրդովմունքի պատճառը,–ասել  է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոս Գևորգ Անդրիկյանը։

Ասուլիսին ներկա դասախոսները պնդել են, թե  իրենք ընդհանրապես դեմ են միավորմանը և չեն համաձայնի նաև նրան, որ Երևանի մշակույթի պետական քոլեջը միավորվի իրենց քոլեջին։

–Մենք բացարձակապես տարբեր  պրոֆիլներ ունենք։ Այդ քոլեջում միայն մի բաժին կա, որ  համընկնում է մեր  քոլեջում դասավանդվող առարկայի հետ՝ վոկալ։ Մնացածը՝ տուրիզմ, տնտեսագիտություն, հաշվապահություն և այլն, մեր  քոլեջի պրոֆիլին չի համապատասխանում,–ասել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոս Լևոն Սահակյանը։

Ըստ  դասախոսների՝ եթե այս որոշումը չեղյալ  չհամարվի, իրենք ողջ  անձնակազմով թողնելու  են իրենց աշխատանքը։ Ասուլիսին ներկա քոլեջի ուսանողները ևս պնդել են, թե իրեք պատրաստ են անգամ գրավոր  արձանագրել, որ  եթե որոշումը չփոխվի, ապա իրենք՝ թվով 120 ուսանող, թողնելու  են ուսումը։

–Եթե ցանկանայինք սովորել Երևանի մշակույթի պետական քոլեջում, այնտեղ կդիմեինք, այլ ոչ թե Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ։ Մենք գոհ ենք, որ այստեղ ենք սովորում և ցանկանում ենք Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի  դիպլոմ ստանալ, այլ ոչ թե Երևանի մշակույթի պետական քոլեջի դիպլոմ։ Մենք կթողնենք ուսումը, և եթե մշակույթի նախարարությունը  ցանկանում է խաղալ մեր ճակատագրերի հետ, թող խաղա, ու կտեսնի՝ ինչպես կվարվենք մենք,–ընդգծել  են ուսանողները։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը