Լրահոս

18.05.2011 10:45


Մայիսյան հերոսամարտերը հայերի միասնության և միաբանության հաղթանակներն են

Մայիսյան հերոսամարտերը հայերի միասնության և միաբանության հաղթանակներն են

1918թ. հունվարին թուրքերը Կովկասյան ռազմաճակատում անցան հարձակման: 500 կմ ձգվող ռազմաճակատը պահում էին միայն սակավաթիվ հայկական զորամասերը, ինչից էլ օգտվեցին թուրքերն ու գրավեցին Երզնկան: Ռազմաճակատի հրամանատար նշանակվեց Անդրանիկը։

Թուրքերը զարգացնելով իրենց առաջին հարձակումը` 1918թ. փետրվարի 27-ից մայիսի 15-ը գրավեցին Կարինը, Սարիղամիշը, Վանը, Կարսը և Ալեքսանդրապոլը: Թուրքական բանակի հրամանատարությունը որոշում ընդունեց գրավել ամբողջ Անդրկովկասը ու իրենց բանակը բաժանեց մի քանի հատվածների: 36-րդ թուրքական դիվիզիան Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Արարատյան դաշտ: Մյուս խմբավորումը շարժվեց դեպի Ղարաքիլիսա (Վանաձոր): Նպատակ ունենալով աքցանի մեջ առնել Երևանը՝ թուրքական հրամանատարությունն իր 9-րդ դիվիզիան ներկայիս Սպիտակից ուղղեց դեպի Ապարանի սարահարթ: Հայկական կողմում առաջացած խուճապը հաջողվեց հաղթահարել Երևանի Ազգային խորհրդի ղեկավար Արամ Մանուկյանի ջանքերով: Մայիսի 21-ին թուրքերը գրավեցին Սարդարապատը, ապա Մրգաշատ գյուղը: Հայկական կազմավորումները բաժանվեցին 2 մասի: Մայիսի 22-ին գեներալ Սիլիկյանի մշակած ծրագրով հայերն անցան հակահարձակման և թուրքերին 20 կմ ետ շպրտեցին: Մայիսի 25-ին հայերի գրոհը թուրքերը ետ մղեցին: Ստեղծվեց հարվածային գունդ, որը Արագած լեռան հարավային փեշին գտնվող Կոշ և ներկայիս Արագած գյուղերից թիկունքային հարված հասցրեց թուրքերին: Թուրքական հրամանատարությունը, 3500 սպանված տալով, խուճապահար նահանջեց Ալեքսանդրապոլ:

Ձախողվեց նաև Ապարանի սարահարթով դեպի Երևան մեկ այլ դիվիզիա ուղղելու թուրքերի փորձը։ Դրոյի գլխավորությամբ շուրջ 6000 հայեր Բաշ-Ապարանի ճակատամարտում պարտության մատնեցին թուրքերին, որոնք խուճապահար փախան ներկայիս Սպիտակ:

Թուրքերը Ղարաքիլիսայի ճակատամարտում կենտրոնացրել էին 10 000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր, իսկ հայերն այստեղ ունեին 6000 զինվոր, 10 թնդանոթ և 20 գնդացիր: Մայիսի 25-ին թուրքական բանակի գրոհներն ավարտվեցին անհաջողությամբ, և միայն մայիսի 27-ին համալրում ստանալուց հետո թուրքերին հաջողվեց ճեղքել հայերի պաշտպանությունն ու գրավել Ղարաքիլիսան: Այդուհանդերձ, թուրքերը Մայիսյան հերոսամարտերում այնպիսի ծանր հարված ստացան, որ միայն մի քանի ամսից գրավեցին Բաքուն և ստիպված էին ընդունել իրենց հայրենիքի մի պատառիկի վրա կենաց-մահու պայքար մղող հայ ժողովրդի ապրելու իրավունքը:

1918թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հռչակեց ՀՀ անկախությունը:

1918թ. օգոստոսի 4-ին Բաթումում Օսմանյան կայսրությունն առաջինը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Մայիսյան հերոսամարտերը ցույց տվեցին, որ հայերը միասնության և միաբանության շնրոհիվ կարողանում են հաղթանակներ տանել, և այդ հերոսամարտերի շնորհիվ է, որ մենք այսօր ապրում ենք անկախ Հայաստանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը