Լրահոս

12.01.2011 15:58


Ինչո՞ւ են Գյումրիում նախակրթարանները փակ

Ինչո՞ւ են Գյումրիում նախակրթարանները փակ

Տոնական արձակուրդներից հետո մանկահասակ երեխաներ ունեցող գյումրեցի շատ ծնողներ անակնկալի են եկել, քանի որ Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող  մանկապարտեզները փակ են: Այդ հիմնարկների գործունեությունը վերսկսվելու համար տարբեր ժամկետներ են նշվում' 20 օրից մինչև մեկ ամիս, իսկ մանկապարտեզները փակ պահելու համար էլ տարբեր վարկածներ են նշվում՝ համաճարակից սկսած մինչև համապատասխան ֆինանսավորման բացակայությունը: Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովի խոսքերով՝ պատճառը հանրապետությունում առկա համաճարակի վտանգն է, ինչից ելնելով էլ քաղաքապետարանում որոշում է կայացվել փակել մանկապարտեզները:

-Մի քանի օր առաջ հանրապետության գլխավոր համաճարակաբանը հայտարարությամբ հանդես եկավ, որ հանրապետությունում բավականին լուրջ վիրուս է տարածված՝ կապված գրիպի և հազի հետ: Եթե դուք տեղակ եք, առողջապահության նախարարությունը կրթության և գիտության նախարարության հետ համաձայնություն ունի, որ դպրոցների տարրական դասարանների համար ձմեռային արձակուրդները շարունակվելու են մինչև հունվարի 24-ը: Բնականաբար, քաղաքապետարանը չէր կարող չահազանգել նման որոշմանը և ռիսկի դիմել,-ասել է Բորիս Ալեքսանովը:

Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի խոսքերով՝ իրենք մտածում են բացառապես ծնողների ու երեխաների մասին, և ոչ մի ֆինանսական դժվարություն չկա։

-Դուք պատկերացրեք, Աստված մի արասցե, հանկարծ մի մանկապարտեզում այդ վիրուսի օջախը բացահայտվի, և սա դառնա համատարած համաճարակ։ Սա աններելի սխալ կլինի քաղաքապետարանի կողմից,-նշել է Բորիս Ալեքսանովը:

Սակայն հակառակ սրա, քաղաքապետարանի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային կենտրոնի պետ Կարինե Թայիրյանը համաճարակին վտանգ մասնավորապես Շիրակի մարզում և Գյումի քաղաքում չի տեսնում։

-Համաճարակի վտանգ մարզում գոյություն չունի, մենք նորից ստուգումներ ենք անցկացրել, վերլուծության ենթարկել իրավիճակը, և ոչ մի տեսակի, լինի դա օդակաթիլային կամ սուրշնչառական, համաճարակի վտանգ չենք հայտնաբերել: Ամբողջ մարզում ընդամնեը 7 ջրծաղիկով հիվանդ է գրանցվել,-«7օր»-ին ասել է Կարինե Թայիրյանը:

Ի դեպ, քիչ առաջ «7օր»-ին զանգահարել ու հայտնել են, որ ծնողներին հայտնել են, թե վաղվանից մանկապարտեզները բացվելու են։

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը