Տնտեսական

17.05.2011 17:11


Ուղևորները բողոքում են. «Արմավիան» պատասխանում է

Ուղևորները բողոքում են. «Արմավիան» պատասխանում է

«7or.am»–ի խմբագրություն քաղաքացիների կողմից ահազանգ էր ստացվել, թե արդեն տևական ժամանակ է՝ «Արմավիա» ավիաընկերությունը Երևան–Բեռլին ուղիղ չվերթը կատարում է Երևան–Մյունխեն–Բեռլին չվերթով՝ առանց ուղևորներին այդ մասին տեղյակ պահելու։ Այսպիսով նրանք ստիպված են լինում օդանավում մնալ մոտ 1 ժամ 45 րոպե։ Եվ սա այն դեպքում, երբ տոմսերը վաճառվում են Երևան–Բեռլին ուղի՛ղ չվերթի համար։

Պարզաբանում ստանալու նպատակով «7օր»–ը դիմել էր «Արմավիային»։ Այդ ընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան պատասխանել է, թե «Արմավիա» ավիաընկերության U8 115/116 Երևան-Բեռլին-Երևան և U8 109/110 Երևան-Մյունխեն-Երևան չվերթները համակցվել են ս.թ. մայիսի 3-ին, 10-ին և 17-ին:

«Տվյալ չվերթների ուղևորներին պարտադիր կերպով չվացուցակում տեղի ունեցած փոփոխությունների մասին տեղեկացրել են կոմերցիոն բաժնի համապատասխան աշխատակիցները: Սակայն հարկ ենք համարում նշել, որ երբեմն ուղևորների հետ հնարավոր չի լինում կապ հաստատել՝ ամրագրման մեջ տվյալ ուղևորի ոչ ճշգրիտ հեռախոսահամարների ապահովման, նույնիսկ դրանց բացակայության և այլ պատճառներով»,–ասել է Ն. Ավետիսովան:

«7or.am»–ի հարցին ի պատասխան՝ «Արմավիա» ավիաընկերության մամլո քարտուղարն անդրադարձել է նաև «Արմավիան» վաճառելու մասին վերջին շրջանում մամուլում անընդհատ շրջանառվող լուրերին՝ պնդելով, թե այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը