Լրահոս

17.05.2011 16:35


Հատման տոմսը նախարարությունը ներկայացնում է որպես ծառահատումների թույլտվություն

Հատման տոմսը նախարարությունը ներկայացնում է որպես ծառահատումների թույլտվություն

Սևանի թերակղզու հատվածում բնապահպանության նախարարի հրահանգով զանգվածային ծառահատում է իրականացվում։ Բնապահպանության նախարարը մայիսի 11-ին անձամբ էր ժամանել  ծառահատվող տարածք և բացատրություն տվել ոստիկանության աշխատակիցներին, ովքեր վարում են հետաքննությունը։ Նա հաստատել էր, որ ծառահատումը կատարվում է իր հրամանով, և տեղում հրահանգել է սկսել հանրային լողափի շինարարական աշխատանքները։

«Էկոդար» ՀԿ–ի նախագահ Հրայր Սավզյանը «7օր»–ին ասել է, թե իրենք էլ շատ տեղեկություններ չունեն։ Նա նշել է, որ վերջին անգամ Նալբանդյան փողոցում գտնվող շենքի բակ նախարարի ժամանելու ընթացքում են այդ հարցով զրուցել նրա հետ, սակայն նախարարն ասել է, թե որևէ լողափ չկա, և դա սխալ  տեղեկություն է, տարածքում ուղղակի սովորական ծառահատումներ են։

Հ. Սավզյանի խոսքերով, սակայն, իրենց իրավաբանները հարցում են արել նախարարությանը, բայց հարցման պատասխանն «աբսուրդ էր».

–Մեր ձեռքն անգամ ինչ–որ տոմս է ընկել՝ հատման տոմս, որը նախարարությունը ներկայացնում է որպես ծառահատումների թույտվություն, հրաման, այնինչ հրամանը չի կարող տոմսի ձևով լինել։ Դա շատ հին բլանկ է 2003թ. ու գրված է, որ այսքան ծառահատում պետք է արվի,–ասել է նա։

Նա նաև տեղեկացրել է, որ իրենք մտադիր են Սևան գնալ, նախարարին էլ հրավիրել, որպեսզի գնան–տեսնեն, թե որտե՞ղ է այդ լողափը կառուցվում, և որտե՞ղ են արվում ծառահատումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը