Հարցազրույց

17.05.2011 16:34


Վահան Շիրխանյան.

Վահան Շիրխանյան.

Հարցազրույց Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանի հետ

–Մայիսի 31–ի Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքից հետո, ըստ ձեզ, ի՞նչ զարգացումներ կլինեն։

–Արտասովոր ոչ մի բան էլ չի լինի։ Քաղբանտարկյալներին վաղուց պետք է ազատ արձակեին. նրանց պահելը քաղաքական որևէ արդարացում չունի, իրավական՝ նույնպես։ Իսկ երկխոսությունը ես չեմ պատկերացնում, թե ինչպիսին կլինի իշխանության և ՀԱԿ–ի միջև։ Դա, ըստ երևույթին, կա և գնում է այս պայմանավորվածությունների հիման վրա. հանրահավաքները տեղի են ունենում այնտեղ, որտեղ ուզում են, երթը տեղի է ունենում առանց խանգարելու և այլն։ Առայժմ համագործակցության դաշտը դա է։

–ՀԱԿ–իշխանություն երկխոսությունից ո՞վ է շահում՝ ՀԱ՞Կ–ը,  թե՞ իշխանությունը։

–Իհարկե՝ իշխանությունը։ Նա առաջին հերթին ստանում է կայունություն։ Ընդդիմությունը եթե խնդիր է դրել միտինգային ռեժիմով հասնել հերթական ընտրությունների, ապա նույնպես արդարացված է այս համագործակցության վիճակը։ Իսկ ժողովուրդը ոչի՛նչ չի շահում։ Ժողովուրդը նշանակում է երկիր, երկիր՝ նշանակում է արտագաղթ, աղքատացում, քայքայում։ Գործընթացներ, որոնք, ցավոք սրտի, շարունակվում են։

–Չե՞ք կարծում, որ այս ամբողջ գործընթացը, ՀԱԿ–ի նման պահվածքը, որդեգրած դիրքորոշումն է՛լ ավելի են ուժեղացնում այսօրվա իշխանությունների դիրքերը։

–Իշխանությունը բավականին կայուն դիրքեր ունի այսօր՝ անհամեմատ 2008թ. հետ։ Որպես ապակայունացնող գործոն՝ միշտ հանդես է գալիս ընդդիմությունը։ Եթե ընդդիմությունն ինքն է հայտարարում, որ իր խնդիրը կայունության պահպանումն է, իհարկե, դա իշխանությանը շատ ձեռնտու է և առավել կայունացնում է։ Ընդդամիության հանրահավաքներում շատ է հնչում, որ մենք ապակայունացնող չենք, չենք ապակայունացնի՝ նկատի ունենալով ղարաբաղյան խնդրի առկայությունը և այլն։

–Ինչո՞վ եք բացատրում այն փաստը, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունն ակտիվորեն լծվել են այլընտրանքային ուժ դառնալու հնարավորություն ունեցող յուրաքանչյուրին քննադատելու գործին։

–Ես չեմ հասկանում. առաջին ուժը, ենթարդենք, իշխանությունն է, երկրորդ ուժն ո՞վ է։ Եթե մենք նկատի ունենք, որ ուժերը քաղաքական պայքար են տանում, ապա քաղաքական պայքարի հիմքում պետք է լինի գաղափարախոսությունների պայքարը։ Մենք չունենք առաջին, երկրորդ ուժեր, որոնք իրար հետ պայքարում են գաղափարախոսությունների համար։ Երրորդ ուժն ի՞նչ գաղափարախոսություն է որդեգրել և ի՞նչ ծրագիր, և ինչի՞ համար է պայքարում։ Եթե բոլոր այդ առաջին, երկրորդ, երրորդ ուժերը պայքարում են միայն իշխանության համար, դա չպետք է անվանել քաղաքական պայքար, դա չպետք է անվանել գաղափարախոսություն և այլն։

–Կարծում եք, որ այսպիսով մենք սահուն գնում ենք դեպի հերթական ընտրություննե՞ր։

Ես վաղուց եմ ասել, որ մենք գնում ենք դեպի ԱԺ–ի հերթական ընտրություններ։ Հայաստանում ընդդիմությունը արտահերթ ընտրություններ հարուցող գործոն չի հանդիսանում։ Արտահերթ ընտրություններ Հայաստանում կարող են լինել միայն ազգային խնդիրների հետ կապված, դա ղարաբաղյան խնդիրն է, հայ–թուրքական հարաբերություններն են։

–Բայց ՀԱԿ–ը հայտարարում է, որ իշխանությունների հետ միմիայն արտահերթ ընտրությունների շուրջ պետք է երկխոսել։

–Արտահերթ ընտրությունների հնարավորություն ընդդիմության գործունեության տրամաբանությունից ելնելով ես տեսնում։

–Ի՞նչ է հարկավոր Հայաստանում համակարգային փոփոխություններ կատարելու, ստեղծված իրավիճակը շտկելու համար։

–Հայաստանում նախ պետք է փոխել գոյություն ունեցող համակարգը։ Այսինքն՝ լիբերալ համակարգն իրեն չի արդարացրել։ Ավելին՝ երկիրը քայքայել, ավերել, բարոյազրկել է։ Հայաստանում պետք է ներդրվի սոցալ–դեմոկրատական համակարգ, իսկ անցումը լիբերալից սոցիալ–դեմոկրատականի պետք է լինի սահուն, ոչ հեղափոխական։ Որովհետև հեղափոխականը ևս մի քայքայման նոր շեմ է։ Երկրորդ՝ Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, ո՛չ թե՝ սահմանադրական կարգ վերականգնել։ Այսօրվա գոյություն ունեցող կարգն այդ Սահմանադրությամբ է հաստատված. և այդ Սահմանադրությունն է, որ Հայաստանում բևեռացում է բերել, աղքատացում է բերել, անարդարություն է բերել, պետության դերը զրոյականի է հասցրել՝ սոցիալական խնդիրներում, տնտեսական խնդիրներում. դա այս Սահմանադրությունն է։ Պետք է նոր Սահմանադրություն և սահուն անցում լիբերալ համակարգից սոցիալ–դեմոկրատականի։ Այ, եթե ա՛յդ դաշտում կլինի քաղաքական պայքարը, մենք այդ պայքարին մասնակից ենք։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը