Լրահոս

17.05.2011 15:18


Աղմկահարույց դեպք. Սոցնախարարության գլխավոր մասնագետը Հոլանդիայից հետ չի վերադարձել

Աղմկահարույց դեպք. Սոցնախարարության գլխավոր մասնագետը Հոլանդիայից հետ չի վերադարձել

Հոլանդիա աշխատանքային այց կատարած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակությունը մայիսի 14-ին վերադարձել է առանց նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Սուրեն Պիվազյանի: Առանց որևէ մեկին տեղյակ պահելու՝ նա որոշել է Հայաստան չվերադառնալ։

Նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը «7օր»–ի հետ զրույցում հաստատել է այս դեպքը՝ ասելով.

–Մարդն ուղղակի վերջին օրը, երբ որ պետք է վերադառնային, հյուրանոցից դուրս է եկել, մի դիմում է թողել՝ աշխատանքից ազատվելու մասին (առողջական վիճակի կապակցությամբ), և դրանից հետո նրա մասին որևէ լուր կամ տեղեկություն չունենք։ Պատվիրակությունը վերադարձել է առանց նրա։

«7օր»–ի հարցին՝ Սուրեն Պիվազյանը Հոլանդիայում քաղաքական ապաստա՞ն է խնդրել, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը պատասխանել է.

–Ո՛չ, որքան ինձ հայտնի է՝ ո՛չ։ Հայաստանի հատկապես պետական պաշտոնյան, ուղղակի անլուրջ կլիներ, եթե դիմեր քաղաքական ապաստանի խնդրանքով. նրան անմիջապես դեպորտ կանեին։ Թե ի՞նչ քայլեր է ինքը մտադիր ձեռնարկել, կամ ի՞նչ է ինքն արել ընդհանրապես, մեզ հայտնի չէ։

Փոխարենը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է դիմել Քաղծառայության խորհրդին՝ Սուրեն Պիվազյանին պատժելու համաձայնություն ստանալու նպատակով։

–Նա պետական պաշտոնյային և հայ մարդուն անվայել պահվածք է դրսևորվել, դրա համար նա խստագույնս կպատժվի։

Նշենք, որ հայաստանյան խումբը 3–4 օրով Հոլանդիա էր մեկնել հոլանդական կողմի նախաձեռնությամբ՝ մասնակցելու «Հաշմանդամությունը որպես խոստումնալից աշխատուժ» ծրագրին։

Սուրեն Պիվազյանը նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը ստացել էր բոլորովին վերջերս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը