Լրահոս

17.05.2011 15:11


ՀՀ հակաօդային պաշտպանությունը մինչ այժմ հակառակորդի շուրջ երեք տասնյակ մարտական տեխնիկա է խոցել

Այսօրվա ասուլիսում լրագրողների հետ հանդիպել են Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ամբիոնի պետ, գնդապետ Արմեն Գևորգյանը և ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

Գնդապետ Արմեն Գևորգյանը նկարագրել է հակաօդային պաշտպանության ուժերի կազմավորման պատմությունը՝ նշելով, որ 1992թ. ղարաբաղյան շարժման ժամանակ տեխնիկական կրթություն ունեցող բոլոր անձինք հրավիրվել են հակաօդային պաշտպանություն։ Այն ստեղծվել է տարածաշրջանում առկա խորհրդային բանակի զորամասերի հիման վրա։ Երբ մայիսին ազատագրվեցին Շուշին և Լաչինի միջանցքը, հակաօդային պաշտպանության միջոցները տեղափոխվեցին Ղարաբաղ։ 1992թ. սեպտեմբերի 1–ին կազմավորվել է հակաօդային պաշտպանության վարչությունը, որից հետո և՝ ներկայումս գոյություն ունեցող զորամասերը։

Հակաօդային պաշտպանական ուժերի առաջին լուրջ հաջողությունը եղել է Խազազ բարձրունքի վրա տեղակայված Ղաջար գյուղի մոտ, երբ խփվել է հակառակորդի «Կոկորդիլոս» տիպի ուղղաթիռը։

Արծրուն Հովհաննիսյանն էլ ավելացրել է, որ համաշխարհային պատմության մեջ չկա մի տեղային պատերազմ, որի ժամանակ հակաօդային պաշտպանությունն այդպիսի փոքրաքանակ տեխնիկայով նման լուրջ հաջողությունների հասած լինեն՝ ընգծելով, որ Հայաստանը, ունենալով լոկ ցամաքային տեխնիկա և չունենալով կործանիչ ինքնաթիռներ, հակառակորդի շուրջ երեք տասնյակ մարտական տեխնիկա է խոցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը