Լրահոս

17.05.2011 12:35


ՀՀ գլխավոր դատախազությունում ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ`յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն  ուսումնասիրելով ՀՀ  ֆինանսների նախարարությունից ստացված  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված կենսաթոշակների նշանակման եւ վճարման ճշտության ստուգման արդյունքներով կազմված ակտերի հիման վրա նախապատտրաստված նյութերը,  պարզել է, որ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակման, վճարման և վերահսկողության բնագավառներում կազմակերպական-տնօրինչական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները չկատարելու, պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով մահացած կենսաթոշակառուների անվամբ, ժամկետանց  լիազորագրերի հիման վրա, կրկնակի թոշակներ նշանակելու  եւ ավել հաշվարկված ստաժի հիման վրա  2009-2010թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից  դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 181 900 դրամ գումար, որը յուրացվել է, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս:

 

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Ա. Նիկողոսյանի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ  եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:

ՀՀ դատախազության հանրային կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը