Հարցազրույց

25.01.2021 21:01


Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների՝ Արցախի վաճառքը և Շուշիի միջնաբերդի հանձնումն իր տերերի առաջ լեգիտիմացնելու նպատակով. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների՝ Արցախի վաճառքը և Շուշիի միջնաբերդի հանձնումն իր տերերի առաջ լեգիտիմացնելու նպատակով. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Մենք շարունակում ենք «վայելել» դավաճանական իշխանության պերճանքն ու թշվառությունը հետպատերազմական Հայաստանում, մինչդեռ եթե այլ իշխանություն գար, գործող վերնախավի ներկայացուցիչները որպես մեղադրյալ ներգրավված կլինեին. փաշինյանական քարոզչամեքենան ակնարկներ է անում Դավիթ Տոնոյանին, նա էլ օսլայած վերնաշապիկով մի հարցազրույց է տալիս, որը հարիր կլիներ սկանդինավյան որևէ երկրի պաշտպանության նախարարի, մինչդեռ Տոնոյանը հավասարապես պատասխանատու է այս աղետի համար: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Դավիթ Տոնոյանը չի ասում՝ պատերազմի մասին ՊՆ հաղորդագրություններն իր հե՞տ էին համաձայնեցվում, թե՞ Աննա Հակոբյանն է զբաղվել քարոզչությամբ: Չի ասում, որ երբ ԳՇ պետի հետ զեկուցել են՝ պատերազմը պետք է դադարեցվի, բայց այն չի դադարեցվել, ինչո՞ւ է շարունակել պաշտոնավարումը, միգուցե նա է՞լ էր հավատացել այն ստին, որ հաղթում ենք: Եթե նա ընդունում է, որ եղել է կառավարման քաոս, անձնապես ի՞նչ պատասխանատվություն պետք է կրի: Սա ոչ թե մասնագիտական, այլ քրեական պատասխանատվության հարց է»,-ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Հովհաննիսյանի՝ երբ փորձագետները պնդում էին, որ Թուրքիան ներգրավվելու է առաջիկա պատերազմում, Լիլիթ Մակունցն ասում էր՝ Թուրքիան չի ներգրավվի, մինչդեռ պարզ է՝ թուրքական «Բայրաքթարները» հենց այնպես Բաքու չէին առաքվում. «Այս իշխանությունը որևէ դաս չի քաղել, սեփական կաշվի վրա չի զգացել վտանգը: Նրանք հայ ժողովրդի զավակների մահվան համար իրական կորստի ցավ չեն զգում: Կարծես այս ցավն ընդդիմադիրներինն է, զգուշացումներն ականջի հետև են գցել, հանցավոր ինքնավստահություն են դրսևորել: Հայ ժողովուրդը շարունակում է գնալ փաշինյանական ստերի հետևից, ոմանք ավելի շատ ատում են նախկին իշխանությանը, քան սիրում են պետությունը»:

Նախկին նախարարի կարծիքով՝ ընդդիմությունը քաղաքականացրեց այն գործընթացը, որն ի սկզբանե չպիտի քաղաքական լիներ, և ցավի կրողը, պարտության դեմ ապստամբողը դարձավ հենց ընդդիմությունը. «Մենք թևակոխել ենք ապամիֆականացման, առասպելներից ձերբազատման շրջան: Թույլ ենք տվել, որ մեր իրական հերոսների արժեզրկում, վարկաբեկում տեղի ունենա, տուրք ենք տվել վատ առասպելներին: Օնիկ Գասպարյանի միֆը կոտրվել է, նա հանուն իր հետագա պաշտոնավարման՝ չի փրկում պետությունը: Պետության մնացուկները պետք է փրկել Նիկոլից: Չէի կարծում, թե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարող է այս աստիճանի թքած ունենալ պետության վրա»:

Նախկին նախարարի պնդմամբ՝ երբ անհայտ կորածի հորն ասում են, որ իրեն կզանգեն, եթե պարզվի, որ մասունքներն իր որդունն են, զուգահեռ իրականությունում Աննա Հակոբյանը դուստրերի հետ թանկարժեք ռեստորաններում գինի է խմում: «Մենք ունենք թուրքական գործակալական ցանցի կողմից ղեկավարվող իշխանության ներկայացուցիչներ, էրատոների և օմեգաների կողմից կառավարվող համակարգ, նախկինում՝ պետություն, որի վերջնական կործանման համար մի քանի դետալ է մնացել: Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների՝ Արցախի վաճառքը և Շուշիի միջնաբերդի հանձնումն իր տերերի առաջ լեգիտիմացնելու նպատակով, նրան պետք են հանցակիցներ: Աննախադեպ կեղծիքներով և վարչական ռեսուրսով անցկացվելիք այդ ընտրություններով նա կդառնա թուրք-ադրբեջանական էպոսի հերոսը»,-ամփոփել է Արփինե Հովհաննիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը