Լրահոս

17.05.2011 10:34


Դատարանը մերժել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենին ազատ արձակել գրավի դիմաց

Դատարանը մերժել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենին ազատ արձակել գրավի դիմաց

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, բռնաբարության մեջ մեղադրվող Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրոսս–Կանը տեղափոխվել է Նյու Յորքի տխրահռչակ «Ռեյկերս–Այլենդ» բանտային համալիր։

Դատավոր  Մելիսա Ջեկսոնը մերժել է 62–ամյա ֆրանսիացի քաղաքական գործչի պաշտպանների միջնորդությունը՝ բաց թողնել նրան 1 մլն դոլար գրավի դիմաց և ընդգծել, որ նա կարող է թաքնվե՛լ արդարադատությունից։

Նշենք, որ  ԱՄՀ–ի ղեկավարի նկատմամբ 7 հոդվածներով գործ է հարուցվել, և մեղքը ապացուցվելու դեպքում նրան սպառնում է մինչև 25 տարի ազատազրկում։

Ստրոսս–Կանի պաշտպան Բենջամին Բրաֆմանն ափսոսանք է հայտնել, որ դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին, սակայն խոստացել է պաշտպանել իր հաճախորդի բարի անունը։

–Պայքարը նոր է սկսվել,–դատարանում հայտարարել է Բրաֆմանը։

«BBC»–ն հաղորդում է, որ «Ռեյկերս–Այլենդ» բանտի (որն այդքան հաճախ պատկերվում է դետեկտիվ ֆիլմերում և հեռուստասերիալներում) պայմանները ճիշտ և ճիշտ հակապատկերն են այն հյուրանոցների «լյուքս» համարների և առաջին կարգի սրահների, որտեղ այդքան հաճախ լինում էր Դոմինիկ Ստրոսս–Կանը։

Ցանկացած ժամանակ «Ռեյկերս–Այլենդ» բանտային համալիրում պահվում է շուրջ 11 հազ. մարդ։ –Այդ բանտը գերծանրաբեռնված է, իսկ սնունդն այնտեղ ուղղակի զզվելի է։ Եվ ամենագլխավոր  վտանգը՝ այնտեղ հայտնի մարդկանց վրա միշտ հարձակվում են,–«BBC»–ին հաղորդել է Դոմինիկի փաստաբան Ջերալդ Լեֆկերտը։ Ինչպես «Ռոյթերս» գործակալությանը հաղորդել է ուղղիչ հաստատությունների աղբյուրը, Ստրոսս–Կանին պահում են «Ռեյկերս–Այլենդ» բանտային համալիրի ամենափոքր բանտում, որտեղ պահվում են նաև վարակիչ հիվանդություններով հանցագործներ։ ԱՄՀ–ի ղեկավարը  հիվանդ չէ, բայց նրան պահում  են առանձին բանտախցում այն դեպքում, երբ մեկ բանտախցում 10 հանցագործ է պահվում։ Նա զբոսնելու է օրական մեկ ժամ՝ բանտապահների ուղեկցությամբ և կալանավորներից առանձին, որպեսզի վերջիններս նրա վրա չհարձակվեն։  

Այս խորագրի վերջին նյութերը