Լրահոս

16.05.2011 13:25


Համշենահայերի վերադարձը՝ մեծ աղմուկ շատ փոքր բանից

Համշենահայերի վերադարձը՝ մեծ աղմուկ շատ փոքր բանից

Արևմտահայության խնդիրների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանն ու «Համշեն» հայրենակցական-բարեգործական հ/կ փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են օրերս Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթում տպագրված տեղեկությանը, որ Ղրղզստանում ապրող համշենահայերի 200 ընտանիքներ ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում:

Հայկազուն Ալվրցյանի խոսքերով՝ համշենահայերի խնդիրը լավ է, որ սկսել է արծարծվել, սակայն հարցը միշտ չէ, որ ճիշտ է հասկացվում ու մեկնաբանվում։ Նա նշել է, որ համշենահայերն իսկապես շատ խնդիրներ ունեն, մասնավորապես սեփական մշակույթը և Հայաստանի հետ կապերը պահպանելու հետ կապված.

1000 ու մի խնդիրներ ունենք, բայց այդ 1000 ու մի խնդիրները թողած՝ այսօր մենք ուռճացված տեսքով չստուգված մի տեղեկություն ենք նետում ասպարեզ և դարձնում մի կաթիլ մեղրի պատմությունը, հետո ինչպես պետք է դրա տակից դուրս գանք՝ դեռ հայտնի չէ,– ասել է Հ.Ալվրցյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստան վերադառնալ ցանկացողների, Հայաստան եկողների խնդիրն այլ է, Արցախի վերաբնակեցման հարցը՝ լրիվ այլ բան։ Դա շատ լուրջ հարց է։

Իմ խնդրանքն է, որ տեղեկատվություն տալուց առաջ ավելի ուշադիր լինենք, քանի որ ունենք հարևաններ, որոնք ուղղակի ընթերցողի դերում չեն,– ասել է Հ. Ալվրցյանն ու ընդգծել, որ չնայած Ադրբեջանն արդեն 10 տարի է՝ զբաղվում է  թուրք մեսխեթների վերաբնակեցմամբ՝ դրա մասին մենք ո՛չ թուրքական, ո՛չ էլ ադրբեջանական մամուլում չենք կարդում։

Նա նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանն արդեն իսկ օգտվել է այդ տեղեկությունից և բողոքի նամակ հղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, ու, բնականաբար, բողոքներ են ուղղվել նաև Ղրղզստանի կառավարությանը։

Հայկազուն Ալվրցյանի խոսքերով՝ եթե անգամ նման ծրագիր էլ լիներ, այլևս հնարավոր չէր լինի իրականացնել։ Նա համոզված է, որ հարցը չպետք է քննարկվեր այնքան ժամանակ, քանի դեռ իրողություն չէր դարձել։

Բարեբախտաբար, այդպիսի բան չկա և այսպիսի ծանրությամբ չի անդրադառնա, բայց աղմուկը շատ մեծ կլինի, և քաղաքական հետևանքները նույնպես պակաս չեն լինի,– ասել է նա։

Սերգեյ Վարդանյանն էլ ընդգծել է, որ նման աղմուկ բարձրացնելով խաղում ենք հենց այդ համշենահայերի ճակատագրի հետ։ Նա նշել է, որ Ղրղզստանում ուղիղ 200 ընտանիք կա, այսինքն՝ անհնար է, որ 200–ն էլ գար Արցախ։

Նրանք սփռված են ապրում։ Հնարավոր է՝ Ռոստովի, Վորոնեժի կամ Կրասնոդարի համշենահայերը գան, բայց թիվը որ գրում ենք, նշանակում է՝ Ադրբեջանն էլ այդպես է ընկալել։ Ընդամենը մեկ կրոնափոխ համշենահայ է եկել, որ տեսնի՝ հնարավո՞ր է արդյոք՝ Հայաստանում վերաբնակվեն որոշ քանակի ընտանիքներ, գուցե վաղը 10 ընտանիք լինի, գուցե հետագայում շատանան,– ասել է Ս.Վարդանյանը։

Նա նշել է, որ ինքը դեռ 1984–ին զբաղվել է այդ հարցով, ու համշենահայերը 1984–ին էլ, 1988–ին էլ եկել են Հայաստան, սակայն երբեք չեն ցանկացել աղմուկ բարձրացնել, քանի որ իրենք էլ իրենց բնակավայրերում, իրենց հարևանների շրջանում խնդիրներ են ունենում։

Բանախոսների կարծիքով այս ամենը մեծ աղմուկ է շատ փոքր բանից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը