Հարցազրույց

13.05.2011 16:51


Էդուարդ Շարմազանով.

Էդուարդ Շարմազանով.

Հարցազրույց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

–Թեև հանրապետականները շարունակում են պնդել, որ Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության ժամանակ նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող, սակայն ՀԱԿ ներկայացուցիչները համոզված ասում են, որ անկախ նրանից՝ իշխանություններն ինչ են հայտարարում, բացառվում է, որ իրենք, բացի արտահերթ ընտրություններից, այլ հարցի շուրջ Ձեզ հետ երկխոսեն։ Հիմա Ձեզանից ո՞վ է իրավացի։

–Ընդդիմություն է, պետք է պահանջի։ Ամբողջ աշխարհում է, որ պետք է ընդդիմությունը պահանջի, իշխանությունն աշխատի։ Ընդդիմության բան ու գործը պետք է իշխանությանը քննադատելը լինի։ Ես՝ որպես ՀՀԿ խոսնակ, ասում եմ՝ ՀՀԿ–ն երբեք իր օրակարգում չի ներառել արտահերթ ընտրությունների հարցը։ Նման խնդիր չկա՛։

–Իսկ հնարավո՞ր է, որ երկու կողմերի միջև բարձր մակարդակով պայմանավորվածություն լինի արտահերթ ընտրությունների շուրջ այնպես, որ անգամ Դուք՝ որպես ՀՀԿ մամուլի խոսնակ, տեղյակ չլինեք։

–Նախ ասեմ, որ ընտրությունները պատվերով համերգ չեն, որ ով երբ ուզի, ընտրություն անի։ Դրա համար կա Սահմանադրությամբ հստակ նախատեսված հոդված։ Կարդացե՛ք 74.1 հոդվածը, որով նախատեսված է՝ որ դեպքերում կարող են արտահերթ ընտրություններ լինել։ Այսօր Ազգային ժողովը նորմալ աշխատում է, և մեր օրակարգում, ինչպես նշել են նաև ՀՀ ԱԺ նախագահը, վարչապետը, արտահերթ ընտրությունների հարց չի՛ քննարկվել։

–Այդուհանդերձ, հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի միջև նման պայմանավորվածություն լինի, որի մասին Դուք պարզապես տեղյակ չլինեք։

ՀՀԿ–ն երբեք գործարքների չի գնում։ Դա մեկ։ Երկրորդ՝ արտահերթ ընտրությունների համար պետք են և՛ իրավական, և՛ քաղաքական հիմքեր։ Ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական հիմքեր այսօր ես չեմ տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Մենք երբեք գործարքների չենք գնում, ի՞նչ պայմանավորվածության մասին կարող է խոսք լինել։ Մենք գնում ենք երկխոսության, այլ ոչ թե գործարքների։ Եվ արտահերթ ընտրությունների խնդիր մեր կուսակցությունը չի քննարկում։

–Երեկ մեզ հետ զրույցում «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը նույնպես պնդեց, որ ՀԱԿ–ն իշխանությունների հետ երկխոսություն կսկսի միմիայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ, և որ իշխանությունները դեռ պետք է ուրախ լինեն, որ իրենց հետ բանակցում են, ոչ թե գալիս են, գլուխը ջաններից պոկում՝ որպես հանցավոր, հանցագործ, մարդասպան իշխանություն։

Անհեթեթ հայտարարությունները ես չեմ մեկնաբանում։ Մի հետաքրքիր ասացվածք կա՝ շատ դեպքերում թույլն ուժեղի վրա ցեխ է շպրտում, որ իր անունը բարձրանա։ Նման արտահայտություն անողը, նման մարդիկ, ովքեր կոռեկտությունից և քաղաքականությունից դուրս խոսում են, քաղաքականության մեջ տեղ չպետք է ունենան։ Հայհոյանքը փաստերի բացակայության մասին է խոսում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը