Լրահոս

13.05.2011 15:45


Լավրովը Լիբիայի վերաբերյալ կոնտակտային խումբն անվանել է անօրինական

Լավրովը Լիբիայի  վերաբերյալ կոնտակտային խումբն անվանել է անօրինական

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Ռուսաստանի արտգործնախարար  Սերգեյ Լավրովը Լիբիայի վերաբերյալ կոնտակտային խումբը, որի մեջ  մտնում են ԱՄՆ–ն ու եվրոպական այլ երկրներ, անվանել է անօրինական։

Լավրովի խոսքերով՝ կոնտակտային խումբն ընդհանուր առմամբ ինքնագործունեությամբ կազմավորված կառույց է, որն ինքն իրեն հռչակել է մի մեխանիզմ, որը պատասխանատու է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրականացման համար։

Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է.

–Օրինականություն գոյություն ունի ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում, որն էլ լիազորություններ և իրավունք ունի վերահսկելու իր որոշումների կատարումը։

Լավրովն ընդգծել է, որ Մոսկվային անհրաժեշտ չէ մտնել կոնտակտային խմբի մեջ, քանի որ  նա արդեն իսկ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ է։

Ավելի վաղ Ռուսաստանի՝ այդ խմբին միանալու անհրաժեշտության մասին արտահայտվել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն։

Հիշեցնենք, որ Լիբիայի վերաբերյալ կոնտակտային խմբի ստեղծման որոշումն ընդունվել է մարտի վերջին Լոնդոնում կայացած  միջազգային համաժողովի ժամանակ։ Սկզբում Լավրովն այդ նախաձեռնությանն ավելի դրական էր վերաբերվում։

–Եթե սա կօգնի ավելի հստակ իրականացնել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևը, ապա այն օգտակար  կլինի,–ասել էր նա մարտին։

Սակայն հետագայում նա  ընդգծել էր, որ այդ կառույցը չպետք է փոխարինի ՄԱԿ–ի  Անվտանգության խորհրդին։

Այս խորագրի վերջին նյութերը