Աշխարհ

12.01.2021 18:20


Վրաստանը 2020 թ.-ին զբոսաշրջությունից կորցրել է 3 մլրդ դոլարի եկամուտ

Վրաստանը 2020 թ.-ին զբոսաշրջությունից կորցրել է 3 մլրդ դոլարի եկամուտ

2020 թվականի դեկտեմբերին Վրաստան է այցելել 53 000 օտարերկրյա այցելու, ինչը 92%-ով պակաս է 2019 թ.-ի նույն ժամանակահատվածից:

Միևնույն ժամանակ, զբոսաշրջիկների այցերը կազմել են այցելուների ընդհանուր թվի 85%-ը, այսինքն՝ 44 000 մարդ: Այս մասին հայտնում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը:

Դեկտեմբերին բոլոր այցելուների մեծ մասը (20 000 այցելու) Վրաստան է այցելել Թուրքիայից, ինչը 75%-ով պակաս է 2019 թ.-ի դեկտեմբերի հետ համեմատ:

Չնայած նման մասշտաբային անկմանը, Թուրքիան շարունակում է մնալ Վրաստանի գլխավոր զբոսաշրջային գործընկերը, այլ երկրներից զբոսաշրջիկների թիվն ավելի զգալիորեն է կրճատվել՝ Ռուսաստանից՝ 92,5%, Հայաստանից՝ 92,8%, Ադրբեջանից՝ 96,75%:

Էլ ավելի պատկառելի ծավալի էր Եվրամիությունից զբոսաշրջիկների հոսքի անկումը՝ 91%, այդ թվում՝ Գերմանիայից՝ 92%, Հունաստանից՝ 93%, Իտալիայից՝ 96%, Լեհաստանից՝ 97,9%, Լիտվայից՝ 98,2%:

Զբոսաշրջության հետ կապված տրանսպորտի տեսակներից ավիացիան ամենամեծ կորուստն է ունեցել: Եթե 2019 թ.-ի դեկտեմբերին վրաստանյան օդանավակայանները սպասարկում էին 91 565 ուղևորի, ապա 2020 թ.-ի դեկտեմբերին արդեն՝ 3509, ինչը 95,7%-ով պակաս է:

Ինչ վերաբերում է տարեկան վիճակագրությանը, ապա այն ավելի լավատեսական է, քանի որ հաշվի է առնվում հունվար-փետրվար ամիսների տվյալները, այսինքն՝ մինչ համավարակի սկիզբը, երբ Վրաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել էր 2019թ.-ի համեմատ: Մասնավորապես, հունվարին աճը կազմել է 18,9%, փետրվարին՝ 4%:

Մարտին, կորոնավիրուսի համավարակի սկսվելուն պես, կտրուկ անկում է սկսվել, մասնավորապես, մարտ ամսին օտարերկրյա այցելուների թիվը նվազել է 62%-ով: Ընդհանուր առմամբ, 2020 թվականին Վրաստան է այցելել 1,7 միլիոն օտարերկրյա քաղաքացի, ինչը 81,3 տոկոսով պակաս է 2019 թ.-ի համեմատ:

Սրա հետ մեկտեղ, նրանցից միայն 1,1 միլիոնն է եղել զբոսաշրջիկ, ինչը 78,6 տոկոսով պակաս է, քան 2019 թ.-ին: Թեև վիճակագրության տեսակետից այստեղից զգալի մասը զբոսաշրջիկ է համարվում միայն ֆորմալ առումով. Օրինակ՝ բեռնատարների վարորդները, ովքեր երկրում մնացել են մեկ օրից ոչ ավելի, արտասահմանյան անձնագրերով արտագաղթողները, ովքեր ժամանակավորապես եկել էին այցելելու իրենց հարազատներին: Ըստ այդմ, զբոսաշրջիկների իրական թիվը շատ ավելի քիչ է:

Համավարակից առաջ զբոսաշրջությունից լրացվում էր Վրաստանի տնտեսության 10%-ը, ինչը պատճառ դարձավ, որ երկրի տնտեսական անկումը ավելի բարձր լինի, քան որոշ այլ զարգացող երկրներում: 2020 թվականին զբոսաշրջության ոլորտի վնասը հասավ 3 մլրդ ԱՄՆ դոլարի:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը