Լրահոս

12.05.2011 15:46


Շուշան Պետրոսյանն ասուլիսը չսկսած լքել է այն

Շուշան Պետրոսյանն ասուլիսը չսկսած լքել է այն

«Եվրատեսիլ» երգի մրցույթի քննարկմանը նվիրված այսօրվա ասուլիսը սկսվել է հետաքրքիր միջադեպով։ Երգչուհի Շուշան Պետրոսյանը հրաժարվել է մասնակցել ասուլիսին այն պատճառով, որ նրան նախօրոք աթոռ չեն հատկացրել։ Երբ ակումբի լրագրողը փորձել է բացատրել, որ ինքը չի իմացել, որ երգչուհին գալու է, քանի որ նրանից պատասխան չի ստացել, Շուշան Պետրոսյանն արձագանքել է, որ հյուրերին այդպես չեն դիմավորում, ու շարժվել դեպի դուռը։ Նա չի լսել նաև ասուլիսի մեկ այլ հյուր՝ երգիչ Արթուր Իսպիրյանի խնդրանքն ու հեռացել է։

Անդրադառնալով «Եվրատեսիլ» երգի մրցույթին՝ Արթուր Իսպիրյանը նշել է, որ այն այդքան էլ լավ երգի մրցույթ չէ։ Ինչ վերաբերում է Էմմիի՝ այս մրցույթին մասնակցելու նպատակահարմարությանը, երգիչն ասաց, որ Էմմին բազմաթիվ արժանիքներ ունի, միջազգային շատ մրցույթների է մասնակցել, ու ճիշտ է, որ նա գնաց։

Ա. Իսպիրյանը կարծում է, որ եթե այս երգը ներկայացվեր անցյալ տարի, գուցեև ինչ–որ տեղ շահեր։ Այս տարի գնահատման մոտեցումը փոխվել է, ավելի շատ ուշադրություն էին դարձնում ոչ թե երկրի հեղինակության գործոնին, այլ երգին։

Նրա խոսքերով՝ «Եվրատեսիլը» շատ անկանխատեսելի մրցույթ է, և իր նախընտրած երգը սովորաբար չի հայտնվում լավագույն տասնյակում։ Նա կարծիք հայտնեց, որ ցանկալի կլիներ, եթե հաջորդ տարի Հայաստանը ներկայանար ավելի խորիմաստ ու գեղեցիկ երգով և չմտածեր հաղթանակի մասին։

Էմմիի կատարման վերաբերյալ երգիչը նշեց.

–Էմմին նորմալ կատարեց։ Նա ավելի խոր երգչուհի է, քան երգը։ Ես նրա չափ աշխատասեր երգչուհի չեմ ճանաչում Հայաստանում,– ու հավելեց,–բոլորս ինչքան կարող ենք՝ պետք է Էմմիի կողքին լինենք այսօր։ Եթե որևէ մեկին պե՛տք էր հաղթանակ, ապա դա Էմմին էր։

Այն հարցին, թե ում կուզենար, որ Հայաստանը ներկայացնի «Եվրատեսիլ» մրցույթում, Արթուր Իսպիրյանը պատասխանել է, որ կողմնակից է խմբային կատարմանը ու առանձնացրել է «Դորիանս» խմբին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը