Լրահոս

12.05.2011 12:59


Վիճահարույց օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Վիճահարույց օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ազգային ժողովն այսօր իր աշխատանքը ոչ թե քվեարկություններով է սկսել, ինչպես սովորաբար է լինում, այլ նախօրդ օրը կիսատ մնացած օրենքի քննարկումով: ՀՀԿ-ական անդամ Ռաֆիկ Պետրոսյանն էլ իր ելույթում խոստովանել է, որ որոշել է արագ խոսել, որպեսզի պատգամավորները չցրվեն և քվեարկեն:

Այդ օրինագծի քննարկումից հետո քվեարկության է դրվել ՀՀ կառավարության ներկայացրած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հրատապ ճանաչված օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ հարցը։ Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը ԱԺ նախորդ քառօրյա նիստերի ժամանակ տապալվել էր և 3–րդ ընթերցմամբ չէր ընդունվել։

Քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ իրենք նախագծին ընդհանուր առմամբ դեմ չեն, սակայն այնտեղ կան դրույթներ, որոնց հետ իրենք համաձայն չեն, հետևաբար այս օրինագծին առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեն` ակնկալիքով, որ երկրորդ ընթերցման ռեժիմով իրենց առաջարկները կառավարությունը հաշվի կառնի:

Առաջին ընթերցման ռեժիմում նույն պայմանով կողմ քվեարկելու որոշում է կայացրել նաև ԲՀԿ խմբակցությունը:

Իսկ ՀՅԴ խմբակցությունը որոշել է դեմ քվեարկել:

Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ է արել խմբակցություններին իրենց առաջարկները ներկայացնել գրավոր:

-Ես ուզում եմ, որ նախ առաջարկները ձևակերպվեն, հետո եթե նախարարը դեմ կլինի, չի ընդունի խմբակցությունների պատգամավորների առաջարկները, այդ ժամանակ մենք որոշում կկայացնենք, կոալիցիոն քաղաքական ուժերի հետ միասին կքննարկենք, այս հարցի վերջնական տեսքի մասին քվեարկությամբ մեր տեսակետը կհայտնենք,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ի վերջո, 59 կողմ, 12 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը