Լրահոս

11.05.2011 19:02


Տիգրան Սարգսյանը ձեռնպահ մնաց Ռոբերտ Քոչարյանին պատասխանելուց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարել էր, որ իր նախագահության շրջանը խիստ առանձնանում է  մարդկանց կյանքի որակի դրական փոփոխություններով և, ըստ ամենայնի, որոշ քաղաքական գործիչներ այդ հանգամանքի պատճառով կորցրել են քունը:

«Այստեղից էլ ծնվում են այն տարիների ձեռքբերումների նվաստացման և այդ ձեռքբերումները վերացական, մեզանից կախում չունեցող համաշխարհային գործընթացներին վերագրելու սին փորձերը: Ակնհայտ է, որ վերջին տարիներին մարդկանց կյանքի մակարդակը զգալի անկում է ապրել, ու անկախ այդ անկման օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից, մարդիկ այսօր հակված են համեմատություններ անել: Եվ որքան շատ են հասարակ մարդիկ համեմատում, այնքան ավելի ջանասիրաբար են փորձում վարկաբեկել ինձ վարձու ընդդիմախոսները: Ցավոք, այդպիսին է այսօրվա ներքին գործընթացների տրամաբանությունը, որը շատ փոքր կախում ունի իմ ակտիվության աստիճանից: Վստահ եմ, ժողովուրդն այնքան միամիտ չէ, որ չհասկանա այս ամենը»,-մասնավորապես ասել էր ՀՀ երկրորդ նախագահը:

Այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի ինչպես այս, այնպես էլ այդ հարցազրուցում հնչած մյուս մտքերը:

-Ես կարծում եմ, որ դուք երկրորդ նախագահի հայտարարությունը յուրովի եք մեկնաբանում: Դրա համար ես ձեռնպահ եմ կմնամ մեկնաբանություններից,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Լրագրողների բազմաթիվ հորդորները և հարցը, թե ինչ է նա հասկացել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից և ինչպես է ինքը մեկնաբանում նրա հայտարարությունը, նույնպես չեն օգնել, որպեսզի Տիգրան Սարգսյանը պատասխանի:

-Ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից: Ուզում եք երրորդ անգամ կրկնեմ,-պատասխանել է Տիգրան Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը