Կարծիք

30.12.2020 13:27


Ուշադի՛ր, Ձեզ կրկին փորձում են մոլորեցնել

Ուշադի՛ր, Ձեզ կրկին փորձում են մոլորեցնել
Վերջերս շրջանառության մեջ է դրվել մի զավեշտալի ձեռնածություն (մանիպուլյացիա), ըստ որի ժողովուրդն իր իշխանությունը փոխանցել է այս վարչախմբին, և վերջիններս չեն կարող առանց ժողովրդի համաձայնության զիջել այն որևէ այլ մարդկանց` այլ Հայերի:
Մի կողմ թողնենք այն անհերքելի իրողությունը, որ այդ նույն ժողովուրդն իր իշխանությունն այս վարչախմբին փոխանցել է հավատալով մեծաքանակ ստերին, կեղծիքներին, և իրականում` դառնալով շատ անբռնազբոս ու դաժան մանիպուլյացիաների զոհ: Խնդիրն այս պահին ամենևին էլ դրանում չէ:
Առկա է շատ ավելի անհանդուրժելի իրականություն, որը կարծես այդքան էլ հստակ չի պարզաբանվում մեր հասարակությանը:
Բանն այն է, որ իրականում ժողովրդի այն իշխանությունը, որն ըստ այս ձեռնածության հեղինակների` «...ի պահ է տրված...», կամ «փոխանցված է...» իրենց, արդեն իսկ փաստացի, առանց ժողովրդի համաձայնության, և նրանից գաղտնի` զիջվել է ադրբեջանա-թուրքական տանդեմին:
Այդ են վկայում առաջին հերթին հայկական ազգային ու պետական հիմնասյուների (կրոն, ընտանիք, լեզու, բանակ, պետական կառույցներ, պատմություն, մշակույթ, ազգային նյութական ու ոչ նյութական արժեքներ, և այլն) նկատմամբ վարչախումբը ներկայացնողների կողմից տարիներ շարունակ իրականացվող ոտնձգությունները: Դրա վառ ապացույցն է նաև` առանց պատրաստվելու պատերազմն անխուսափելի դարձնելը, և այդ պատերազմում կրած զավեշտալի, ողբերգական ու խայտառակ պարտությունը:
Այս ամենի վերջակետը ադրբեջանական կողմի ցուցումներով, և/կամ հանձնարարությամբ Արցախի և Հայաստանի տարածքների և ժողովրդի ունեցվածքի միակողմանի այն զարհուրելի զիջումներն են Ադրբեջանին, որոնք նույնիսկ ստորագրված եռակողմ փաստաթղթում պարզապես չկան` գոյություն չունեն:
Պատկերն առավել սարսափելի և ամբողջական է դառնում, երբ այս ամենին հավելում ենք ադրբեջանցիների և թուրքերի գործողություններին, ծաղրանքին և վիրավորանքներին` «ժողովրդի իշխանությունը կրողների» կողմից ընդհանրապես, ոչ դրվագով և երբեք չհակադարձելու ստորացուցիչ, դառնագույն ու սովորական դարձած փաստը:
Փաստորեն, կարող ենք արձանագրել (զզվելի արտահայտություն է դարձել...), որ հայ ժողովրդից գաղտնի, առանց ժողովրդի համաձայնության` այդ նույն ժողովրդի իշխանությունը փոխանցվել է ադրբեջանական կողմին, և այսօր նրանք են կառավարում Հայաստանը: Այս եզրահանգումն ամրապնդվում է նաև վարչախմբի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ստորացուցիչ աղերսները, և ադրբեջանական կողմից այս վարչախմբին բացահայտ սատար կանգնելու առաջին հայացքից զավեշտալի, իսկ իրականում` շատ տրամաբանական քայլը:
Հետևաբար, Հայաստանում այս վարչախմբի հեռացմանը նպաստող ցանկացած գործողություն, նախաձեռնություն, կամ շարժում նպատակ ունի առաջին հերթին և անհապաղ Հայ ժողովրդի իշխանությունն Ադրբեջանական իշխանություններից վերցնել ու վերադարձնել Հայաստան:
Հայ ժողովրդի իշխանությունն այսօր Ադրբեջանի իշխանությունների ձեռքին է, և այն վերադարձնելն օրհասական խնդիր է:
Սա է իրական նպատակը:
Կվերադարձնի Հայ ժողովուրդն իր իշխանությունը Հայաստան, միայն դրանից հետո կարելի է սակարկել մնացած բոլոր հարցերը, բայց արդեն մեր երկրի ներսում` Հայերով:
Մնացածը` «էլիտա», «ընդդիմություն», «աթոռակռիվ», «թալան», կամ չգիտես ինչ` դատարկ խոսք ու զրույց է, մանիպուլյացիա և խաբեություն:
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը