Լրահոս

10.05.2011 18:00


Ստեփան Սաֆարյան. «Վերադարձրե՛ք պուրակը երևանցիներին»

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը, 2011թ. մայիսի 10-ի Ազգային ժողովի նիստում

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայաստանում հրամայական է մնում իշխանության ձեւավորման իրավունքը եւ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու հարցը, որը մեր երկրի, նրա քաղաքական ուժերի, այդ թվում` «Ժառանգություն՚» կուսակցության օրակարգում հրատապ ճանաչված խնդիրների լուծման որոշիչ նախապայմանն է:

Այսօր էլ մենք հերթական անգամ կանգնած ենք ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից իշխանության ձեւավորման մարտահրավերների առջեւ, քանզի խորհրդարանական մեծամասնությունն առանց ընդդիմության ու քաղաքացիական հասարակության հետ համաձայնություններ ձեռք բերելու փոխում է ընտրական օրենքսգիրքը, քաղբանտարկյալների ազատ արձակումը չի ուղեկցվում նրանց դատավճիռներով մարտի 1-ին տրված պաշտոնական գնահատականների վերանայմամբ, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքները թույլատրվում են միայն ՙկոռեկտ եւ առանց շեղումների՚ վարքագծի դեպքում, իսկ մարտի 1-ի բացահայտումը դեռեւս մշուշոտ է:

Ոչ պակաս կարեւոր է իշխանության վերադարձը ժողովրդին ամենօրյա կայնքում: Ցանկացած իշխանություն պետք է գիտակցի, որ ժողովրդին են պատկանում ոչ միայն պետական հաստատությունները` Կառավարություն, Ազգային ժողով, դատարաններ, որոնք պարտավոր են իշխանություն իրացնել հանուն ժողովրդի եւ ապահովել քաղաքացու իրավունքը, այլեւ ժողովրդի իշխանությունը պետք է տարածվի ազգային հարստության, մեր երկրի բոլոր` ջրային, օդային, ընդերքի եւ այլ ռեսուրսների, հանրային սեփականություն հանդիսացող տարածքների վրա: Ժողովուրդն է այդ բոլորի իրական տերը: Եւ եթե մինչ այժմ դրանք անխնա, անօրեն, միանձնյա տնօրինվել ու օգտագործվել են որոշ խմբերի, ընտանիքների կողմից, ապա այլեւս պետք է վերադարձվեն իր իսկական տիրոջը` ժողովրդին:

Օրերս իմ գործընկեր Զարուհի Փոստանջյանի, բնապահպան ու քաղաքացիական բազում ակտիվիստների հետ այցելեցինք Նալբանդյան Սայաթ նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան եւ Թումանյան փողոցներով պարփակված բակայաին տարածք, որտեղ ինչ-որ անձինք բարձրահարկ շենք կառուցելու նպատակով ցանկապատել են շուրջ 9.000 քառակուսի մետր տարածք, որը ներառում է ՆԳ նախկին մանկապարտեզը եւ հարակից ծառապատ պուրակը, եւ, լրջորեն վնասելով հաստաբուն եւ տարիքով բազմաթիվ ծառեր, նոր կառուցվելիք շենքի հիմքեր են գցել: Ցանկապատված տարածքի վրա բացակայում է կառուցվող շենքի մակետը, շինարարական աշխատանքներ կատարող կազմակերպության անվանումը եւ այլ` օրենքով անհրաժեշտ տեղեկություններ: Եւ դա պատահական չէ: Ոչ միայն հանրային լսումներ չեն կազմակերպվել իրականացվող շինարարության կապակցությամբ, ոչ միայն բացակայում է դրա վերբարեյալ բնապահպանական եզրակացությունը, այլեւ համաձայն Երեւանի քաղաքապետարանի 23.03.2011թ. տեղեկանքի` «վերը նշված բակային տարածքի կառուցապատման նախագծային փաստաթղթեր դեռեւս մշակված եւ համաձայնեցված չեն»: Այդ դեպքում պետք է ընդունել, որ տեղի ունեցողը օրենքի կոպտագույն խախտում է, եթե չասենք` հանցագործություն: Առավել մեծ հանցագործություն է նման հաստաբուն ծառերի հետ նման բարբարոս վարվելակերպը: Ո(ւր են նայում իրավապահ մարմինները, ո(ւր է նայում ՀՀ բնապահպանության նախարարությունը: Տարածքի բնակիչների եւ մեր անունից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել` դադարեցնելու այնտեղ որեւէ շինարարական աշխատանքի իրականացումը, փրկելու վտանգված ծառերը եւ պուրակը վերադարձնել երեւանցուն: Եւ եթե անգամ նախկին մանկապարտեզի տարածքում որեւէ շինություն պետք է կառուցվի, ապա դա պետք է լինի միայն ժողովրդի համաձայնությամբ:

Վերադարձրե՛ք պուրակը երևանցիներին:

Այս խորագրի վերջին նյութերը