Լրահոս

10.05.2011 16:25


Շևարնաձե. «Սահակաշվիլիի փոխարեն ես Մեդվեդևին շնորհակալություն կհայտնեի շնորհավորանքի համար»

Շևարնաձե. «Սահակաշվիլիի փոխարեն ես Մեդվեդևին շնորհակալություն կհայտնեի շնորհավորանքի համար»

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարնաձեն խորհուրդ է տալիս իրեն փոխարինող Միխայիլ Սահակաշվիլուն շնորհակալական նամակ  ուղարկել Ռուսաստանի   նախագահ Դմիտրի Մեդվեդևին վրացի ժողովրդին մայիսի 9–ի  կապակցությամբ շնորհավորելու  համար։

–Եթե ես լինեի իշխանության մեջ, անպատասխան չէի թողնի Ռուսաստանի նախագահի ուղերձը վրացի  ժողովրդին, և ռուս ժողովրդին կշնորհավորեի  Հաղթանակի օրվա կապակցությամբ, իսկ  նախագահ Մեդվեդևին անձամբ շնորհակալություն կհայտնեի,–հայտարարել է Շևարնաձեն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի  պաշտոնական կայքում վրացի ժողովրդին հասցեագրված  ուղերձ է տեղադրված, որը  ֆաշիզմի դեմ հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներ է պարունակում և բարիդրացիական հարաբերությունների մաղթանք։ Հարկ է ընդգծել, որ Մեդվեդևը վրացի ժողովրդին դիմել է՝ արհամարհելով Վրաստանի նախագահին։ Այս շնորհավորանքը Վրաստանում արդեն քննադատել են։ Պաշտոնական իշխանությունների և փորձագետների կողմից այն անվանվել է «ծաղրանք»։

Իսկ  Շևարնաձեն հիացած է Ռուսաստանի նախագահի «տղամարդկությամբ»։

–Մեդվեդևը ճիշտ քայլ է արել։ Նա իր մեջ տղամարդկություն է գտել՝ դիմելու վրացի  ժողովրդին՝ համագործակցության և բարիդրացիական հարաբերությունների պատրաստակամություն հայտնելով,–ընդգծել  է նա։

Նախկին նախագահն ընդգծել է, որ Մեդվեդևն ավելի վաղ էլ էր ասել, որ չի շփվի Սահակաշվիլիի հետ, «բայց նա հիշեցրել է, որ առանց բարիդրացիական հարաբերությունների վրացի և  ռուս ժողովուրդները չեն կարող գոյատևել»։

Այս խորագրի վերջին նյութերը