Լրահոս

10.05.2011 15:21


Ուսանողական այգու գործով կոլեկտիվ հայցը կմտնի Սահմանադրական դատարան

Ուսանողական այգու գործով կոլեկտիվ հայցը կմտնի Սահմանադրական դատարան

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգում է, որ Երևանում շարունակում են ոտնահարվել ազգային արժեքները և 117 քաղաքացիներ, հայտնի մտավորականներ դիմել են Սահմանադրական դատարան։

Մոտ մեկ տարի առաջ սկսվեց ավերվել Երևանի խորհրդանիշներից մեկը՝ Ուսանողական այգին, որում երկու զվարճանքի օբյեկտներ են կառուցվում։ Հայաստանի բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներից, այդ թվում ՀՀ նախագահից անպատասխան մնացած 20.000 ստորագրությունները, բազմաթիվ նամակներն ու բողոքի ակցիաները վկայում են երևանցիների կարծիքի աննախադեպ ոտնահարման և մեր արժեքներին ուղղված բարոյական ապտակի մասին։ Հանուն մասնավոր շահի գերադասեցին տրորել ՀՀ Ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի պատիվը, մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած աստղադիտարանն ու այգին և Հայաստանի Ազգային գրադարանի` լռության միջավայր ունենալու գործնական իրավունքը։  Ամեն ինչից բարձր համարելով Հայաստանի քաղաքացու արժանապատվությունը և սեփական հանրային տարածքին տեր լինելու իրավունքը, անցնելով ՀՀ վարչական դատարանի բոլոր ատյաններով` այժմ ՀՀ Սահմանադրական դատարան ենք փոխանցում 117 քաղաքացիների, այդ թվում հայտնի մտավորականների, համատեղ դատական հայցը։ Հաղթանակներ տոնելով՝ չդնենք մեր պարտության հիմքերը մեր տան մեջ։

117 համահայցվորների թվում են՝ ակադեմիկոսներ Վիլեն Հակոբյանը, Վլադիմիր Բարխուդարյանը, Գևորգ Բրուտյանը, Ադոլֆ Մանթաշյանը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, դերասան Աշոտ Ադամյանը, պատմաբան Բաբկեն Հարությունյանը, բնապահպաններ Կարինե Դանիելյանը,  Ինգա Զարաֆյանը, Շահեն Մեղրյանի այրի Ստելլա Մեղրյանը,հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը,ջազ երաժիշտ Դավիթ Նալչաջյանը,լրագրող Բորիս Նավասարդյանը, ռեժիսոր Արա Շիրինյանը, ճարտարապետ Լևոն Վարդանյանը և տասնյակ արվեստագետներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլ քաղաքացիներ։

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը»քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը