Լրահոս

10.05.2011 14:43


Ֆինանսների նախարարությունն այն կառույցն է, որն ամենաշատ գումարն է ստացել գրենական պիտույքներ ձեռք բերելու համար

Այսօր լրագրողների հետ է հանդիպել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։ Նա որոշակի տվյալներ է ներկայացրել տեղեկատվություն տրամադրելու ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ։ Նրանց կազմակերպությունը որոշել է հարցում ուղարկել բոլոր նախարարություններին՝ խնդրելով փաստեր տրամադրել այն մասին, թե պետական բյուջեից որքան գումար են ծախսել գրենական պիտույքների ձեռքբերման համար։ ՊՆ–ն գրավոր մերժում է ուղարկել՝ նշելով, որ դա պետական գաղտնիք է համարվում։ Ըստ հարցման՝ Ֆինանսների նախարարությունն այն կառույցն է, որն ամենաշատ գումարն է ստացել գրենական պիտույքներ ձեռք բերելու համար. այն կազմել է 47 329 000 դրամ, որը 20 անգամ ավելի է ամենաքիչ գումար ստացած Տարածքային նախարարության ցուցանիշից։ Երկրորդ տեղում զբաղեցնող ԱԳՆ–ի համեմատ ՖՆ–ի ծախսը գերազանցում է  5 անգամ։

Բանախոսը նշել է, որ հաճախ լուրջ խնդիրներ են առաջանում տեղեկատվության տրամադրման ժամկետների առումով, այնինչ օրենքն ասում է, որ գրավոր հարցմանը պատասխան պետք է տրամադրել առավելագույնը հինգօրյա ժամկետում։

–Այս առումով ամենալավ ցուցանիշը Մշակույթի նախարարությանն է, որը պատասխան է տվել չորս օրվա ընթացքում,–ասել է Շ. Դոյդոյանը։ Նրան հաջորդում են ԿԳՆ–ն, Սփյուռքի նախարարությունը, ՊՆ–ն։ Սակայն, ըստ տվյալների, գրավոր հարցումներին պատասխանելու միջին ժամկետը կազմել է 10–13 օր։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը