Լրահոս

10.05.2011 11:57


Արսեն Մինասյան. «Արթիկի քաղաքապետարանը չի հարգում Արցախյան պատերազմի հերոսների հիշատակը»

Արցախյան գոյամարտի հերոսների սխրանքը համարժեքորեն չի գնահատվում իշխանությունների կողմից: Այդ մասին հայտարել է Արցախյան պատերազմի հերոս, լեյտենանտ Մյասնիկ Գասպարյանի մայր Սուսաննա Գասպարյանը` Երևանում իր որդու հիշատակին նվիրված ցերեկույթի ընթացքում:

Ծնունդով Արթիկ քաղաքից ընդամենը 22 տարեկանում ընկած Մյասնիկ Գասպարյանի (Միրոյի) խիզախության մասին Արցախյան հերոսամարտի մասնակիցների շրջանում լեգենդներ են պտտվում:

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` հանրահայտ Կոմանդոսը, հիշեցրել է Միրոյի հայտնի սխրանքը. 1992թ. նա հաջողացրել է ադրբեջանցիների քթի տակից գերեվարել 2 տանկ և տեղափոխել դրանք հայկական զինուժի կողմ:

Միրոյի մարտական ընկերները ցերեկույթի ընթացքում զայրույթով նշեցին, որ Արթիկի քաղաքապետարանը (քաղաքապետ` Խաչատուր Վարաքյան) ցինիկաբար ընթացք չի տալիս արթիկցի հերոսի անունով փողոց անվանակոչելու դիմումին: Միրոյի հիշատակը հավերժացնելու համար քաղաքապետարան միջնորդագրեր են ներկայացրել Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները:

Հերոսի մայր Սուսաննա Գասպարյանը հայտարարեց, որ մոտ ապագայում Երևանում պատրաստվում է տալ մամուլի ասուլիս և իրազեկել լրատվամիջոցներին տեղական ինքնակառավարման մարմինների կողմից զոհված հերոսների հիշատակի հանդեպ դրսևորվող վերաբերմունքի մասին:

Արսեն Մինասյան, Արցախյան պատերազմի վետերան

Այս խորագրի վերջին նյութերը