Հարցազրույց

22.12.2020 08:35


Վարչապետի միասնական թեկնածուն դառնալը «մահապարտի» գործ է, բայց հրաժարվել չեմ կարող՝ խոսքը հայրենիքի, ժողովրդի ապագայի մասին է․ Վ․ Մանուկյանի հարցազրույցը՝ «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» -ին

Վարչապետի միասնական թեկնածուն դառնալը «մահապարտի» գործ է, բայց հրաժարվել չեմ կարող՝ խոսքը հայրենիքի, ժողովրդի ապագայի մասին է․ Վ․ Մանուկյանի հարցազրույցը՝  «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» -ին

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հարցազրույց է տվել «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» ռուսական օրաթերթին՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, Արցախյան հարցին ու ՌԴ-ի հետ հարաբերություններին։ Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Հայաստանի ընդդիմությունը դեկտեմբերի 22-ին նախատեսում է Երեւանում անցկացնել հերթական հանրահավաքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Հանրությանը աջակցում են զինվորականները. տասից ավելի պաշտոնաթող հայ գեներալներ երեկ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով վարչապետին հեռանալ: Ընդդիմությունը կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Մանուկյանը մեզ ներկայացրեց Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ իր տեսլականը։

Վազգեն Մանուկյանը լեգենդար «Ղարաբաղ» կոմիտեի համահիմնադիրն է, նա եղել է անկախ Հայաստանի առաջին վարչապետը, Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ՝ պաշտպանության նախարար։

-Պարոն Մանուկյան, ինչո՞ւ համաձայնեցիք դառնալ ընդդիմության վարչապետի թեկնածուն։

-Հաշվի առնելով, որ մեր երկրի համար շրջադարձային և ճգնաժամային ժամանակաշրջաններում (Խորհրդային Միության փլուզում, Ղարաբաղյան պատերազմ) ես ղեկավարել եմ պետությունը և բանակը, ու մենք այդ ընթացքում հաջողություններ ենք արձանագրել, ընդդիմությունն ինձ առաջարկեց դառնալ վարչապետի միասնական թեկնածու: Ես հասկանում եմ, որ դա մահապարտի գործ է, բայց չեմ կարող հրաժարվել, քանի որ խոսքը մեր հայրենիքի, ժողովրդի ապագայի մասին է, և ես կարծում եմ, որ շատ բան կարելի է այս ուղղությամբ անել։

-Դուք նշել եք, որ ձեր շարժման նպատակը Հայաստանի քաղաքացիներին պարտության խարանից ազատելն է։ Ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել հասարակության պարտվողի սինդրոմը։

-Ես գտնում եմ, որ նախևառաջ պետք է ազատվել պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանից, որից հետո ժողովրդին դուրս բերել դեպրեսիվ վիճակից և հույս ներշնչել, որ շատ բան կարող է փոխվել և շատ բան կախված է մեզանից։ Պետք է համախմբել հասարակությունը, լուծել անվտանգության, սոցիալ-տնտեսական և մյուս առաջնային հարցերը և մեր հասարակությանը ներկայացնել այն տեսլականը, որը նորից կվերաիմաստավորի մեր ժողովրդի նպատակներն ու կմղի մեզ առաջ: Շատ կարևոր եմ համարում նաև մեր ժողովրդի բոլոր առողջ ուժերի միավորումը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:

-Ինչո՞ւ եք կարծում, որ Փաշինյանը պետք է հեռանա։

-Արդեն նշեցի, որ Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է և չի կարող մնալ երկրի ղեկին, քանի որ դա թույլ չի տա մեզ առաջ շարժվել: Եթե որևէ մեկը իր գործը վատ է կատարում, տապալում է իրեն վստահված ոլորտը, նա պետք է հեռանա: Իսկ Փաշինյանը տապալել է ողջ երկիրը: Նա վստահություն չունի ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում: Բացի այդ, այս պարտությունը նաև հետևանք է այն գաղափարական սկզբունքների, որոնք նա իր թիմի հետ միասին ներդրեց մեր հասարակության մեջ՝ պառակտելով մեր ժողովրդին, զրկելով ապագայի տեսլականից:

-Ինչպես երևում է, Փաշինյանն ինքնակամ չի պատրաստվում հեռանալ։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ընդդիմությունը։ Ունե՞ք երկարաժամկետ ծրագիր։

-Շատ կարևոր է, որ Փաշինյանի հեռանալը և ժամանակավոր կառավարության ձևավորումն ընթանան լեգիտիմ ճանապարհով: Լեգիտիմը դա Ազգային ժողովի քվեարկությունն է: Այս պայմաններում, երբ ժողովուրդը համախմբված է Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջ, կարծում ենք, որ Ազգային ժողովը կընդունի այն որոշումը, որը Նիկոլ Փաշինյանն ինքնակամ չի ուզում ընդունել:

-Ինչպե՞ս եք գնահատում այն եռակողմ հայտարարությունը որը ստորագրվեց Փաշինյանի, Ալիևի և Պուտնի կողմից։ Կա՞ր արդյոք տարբերակ՝ ստորագրելու Հայաստանի համար առավել շահեկան փաստաթուղթ այն իրավիճակում, որ ստեղծվել էր այդ պահին։

-Եռակողմ հայտարարությունը բերեց ռազմական գործողությունների դադարի և այս տարածաշրջանում ներդրեց ռուսական խաղաղապահ առաքելությունը, որը մեզ համար շատ կարևոր է անվտանգության ապահովման տեսանկյունից, այնուամենայնիվ մեր ժողովուրդը չի համակերպվում և չի համակերպվի այդ համաձայնագրի հետ, չնայած մի կողմից էլ մենք հասկանում ենք, որ այն վերանայել այս պահին հնարավոր չէ: Ես կարծում եմ, որ պատերազմի ժամանակ հնարավոր էր ավելի շուտ հասնել զինադադարի՝ ավելի քիչ կորուստներով, բայց նույնիսկ նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագիրը լրիվ չի համապատասխանում այն վիճակին, որը ստեղծվել էր ռազմաճակատում: Եվ շատերիս համար անհասկանալի է, թե ինչու է այդ հայտարարության մեջ տեղ գտել Հայաստանի Հանրապետության Սյունիքի տարածքով անցնող ճանապարհների հարցը, այն էլ՝ ոչ մեր վերահսկողության ներքո: Միաժամանակ պետք է նշեմ, որ այդ ստորագրված եռակողմ փաստաթղթում կան բազմաթիվ անորոշություններ, որոնք լրացուցիչ մեկնաբանությունների կարիք ունեն, առավել ևս կիրառման մեխանիզմներ մշակելու տեսանկյունից:

Օրինակ, ի՞նչ է նշանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված հապճեպ սահմանագծման և սահմանազատման գործընթացը: Ի՞նչ կապ ունի այն եռակողմ հայտարարության հետ: Հայտնի է, որ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնւոմ են մասնագետները՝ համապատասխան համաձայնագրերի հիման վրա և գործընթացները ձգվում են տարիներ:

Դա և մյուս հարցերը պետք է դառնան եռակողմ բանակցությունների առարկա:

-Ինչո՞ւ Հայաստանը պարտություն կրեց այս պատերազմում։

-2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանությանի իշխանության գալով փոխվեց մեր պետության կառուցման, մեր հասարակության նպատակների ուղղությունը՝ ի վնաս մեզ: Դրսից ներմուծված և մեզ ոչ հարիր գաղափարները բերեցին հասարակության պառակտման: Միևնույն ժամանակ իշխանությունները երկու տարի հետևողականորեն ջարդում և վարկաբեկում էին մեր բանակը, Արցախի բանակը: Այդ երկուսուկես տարում զինված ուժերում որևէ զարգացում տեղի չունեցավ, չնայած ակնհայտ էր, որ սպառազինության և մյուս հարցերում անհրաժեշտ էին տեխնոլոգիական նոր լուծումներ: Դրա հետ մեկտեղ պատերազմի ժամանակ երկրի ղեկավարության կողմից թույլ տրվեցին բազմաթիվ սխալ և կասկածելի որոշումներ, որոնք ի վերջո հանգեցրին այս վիճակին:

-Ո՞րն է անձամբ Փաշինյանի պատասխանատվությունն այս պարտության մեջ։

-Այդ պատասխանատվությունն անսահման է:

-Ադրբեջանի հարձակումն անսպասելի՞ էր։ Եթե այո, ապա ինչո՞ւ չաշխատեց Հայաստանի հետախուզական ծառայությունը։ Որտե՞ղ էին Հայաստանի «բարեկամները» ԿՀՎ-ից և այլն։ Ես 2008 թվականի Վրաստանի իրավիճակից գիտեմ, որ պատերազմի պատրաստությունը շատ դժվար է թաքցնել, այն ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր մշտապես տարածաշրջանում վերլուծում են իրավիճակը։

-Այդ հարձակումն անսպասելի չէր և ամիսներ առաջ արդեն երևում էր, որ դա տեղի ունենա: Չեմ կարող ասել՝ մեր հետախուզությունն ունե՞ր տեղեկություններ այլ երկրների հետախուզությունների կողմից, թե ոչ: Եթե այո, ապա առավել ևս տարօրինակ է, որ սպասվելիք պատերազմը ոչ մի ձևով չազդեց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վրա՝ կապված պաշտպանության հետ, դաշնակից երկրների հարաբերությունների հետ, ներքին քաղաքականության հետ և այլն: Փոխարենը Նիկոլ Փաշինյանը զբաղված էր իր հակառակորդներին հետապնդելով:

-Իմացե՞լ է Բաքվի մտադրությունների մասին ռուսական հետախուզությունը։ Եթե այո, ապա ինչո՞ւ չի նախազգուշացրել։

-Գիտե՞ր, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այո: Զգուշացրե՞լ է, թե՞ ոչ, չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ այո:

-Կհամակերպի՞ Հայաստանը պարտության հետ։ Կա՞ արդյոք հնարավորություն իրավիճակը շտկել։

-Հայաստանը բնականաբար չի հարմարվի պարտության հետ: Բայց դա չի նշանակում նոր պատերազմ: Պետք է ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ղարաբաղյան հարցը չի լուծվել, այլ ընդհակառակը՝ ավելի է խորացրել: Եվ մենք հիմա պետք է փորձենք հարցը կրկին բերել խաղաղ կարգավորման դաշտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում: Հիշեցնեմ, որ 1994 թվականին խայտառակ պարտություն կրեց Ադրբեջանը, բայց նա մտավ հարցի կարգավորման բանակցային պրոցեսի մեջ: Մենք հիմա պետք է անենք նույնը:

-Դուք պաշտպանության նախարար եք եղել այն ժամանակահատվածում, երբ հայկական կողմը հաղթանակներ էր գրանցում Ղարաբաղում։ Ո՞րն է տարբերությունը այն ժամանակվա և այսօրվա միջև։ Ինչո՞ւ այն ժամանակ ձեզ հաջողվեց հաղթել, իսկ Հայաստանի և Արցախի այսօրվա իշխանությունների օրոք՝ չհաջողվեց։

-Ես նկարագրեցի, թե ինչ ծանր վիճակի մեջ հայտնվեց Հայաստանը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, երբ հասարակության հյուսվածքներն էին քայքայվում, պետության և ժողովրդի նպատակներն էին նենգափոխվում, բանակն էր կազմաքանդվում և այլն: Պետք է խոստովանել, որ իր պարտությունից հետո այս տարիների ընթացքում Ադրբեջանը նպատակաուղղված զարգացնում էր իր բանակը՝ մտածելով, որ խաղաղ բանակցությունների միջոցով հարցը չի լուծվի և պետք է շեշտը դնել ռազմական լուծման վրա:

Այս հարցին ավելի մանրամասն պատասխանելու համար անհրաժեշտ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի անցյալ և ներկա վիճակի, ինչպես և այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների մանրամասն վերլուծություն կատարել: Եկեք դա թողնենք ապագային։ Միայն կարճ հավելեմ, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մեր ժողովուրդը նախևառաջ ավելի համախմբված էր և ոգեշնչված այն պետության ապագայի տեսլականով, որը մենք ձգտում էինք կառուցել։

Ցավոք, պետք է արձանագրել, որ ԽՍՀՄ-ում մեծացած սերունդն ի վիճակի էր սկսել ազգային-ազատագրական շարժում և հաղթել ծանր պատերազմում, իսկ անկախության սերունդը պարտություն կրեց։ Ինչո՞ւ։ Սա չափազանց կարևոր և լուրջ խնդիր է, որի շուրջ պետք է մտածել, վերլուծել, դասեր քաղել և շտկել իրավիճակը:

-Որքանո՞վ է կայուն Արցախում հաստատված խաղաղությունը։

-Դժվար է ասել՝ հաշվի առնելով Էրդողանի և Ալիևի հայտարարությունները, հատկապես Ադրբեջանում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ արված: Այս տարածաշրջանը կարող է դառնալ արագ փոփոխվող իր կառուցվածքով, իր դաշինքներով և այլն: Այսինքն, մենք գտնվում ենք վտանգավոր տարածաշրջանում: Այստեղ մեզ համար շատ կարևոր է ռուսական խաղաղապահ զորքերի առաքելությունը, բայց ըստ համաձայնագրի՝ այն տևելու է միայն 5 տարի, և հետո Ադրբեջանը կարող է ասել, որ խաղաղապահները դուրս գան: Հետևաբար, մենք ունենք 5 տարի պատրաստելու մեր պաշտպանությունը:

-Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանն ամբողջովին կատարե՞լ է Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային պարտավորությունները:

-Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս երկուսուկես տարիներին անընդհատ փչացնում էր մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ և չէր կարողանում օգտագործել մեր դաշնակցային հարաբերությունները: Չնայած դրան՝ ես կարծում եմ, որ Ռուսաստանը կատարեց իր դաշնակցային պարտականությունները: Բայց մի բան էլ կա. հոգեբանական տեսակետից դաշնակցային երկրներն իրարից միշտ ավելին են սպասում, չնայած հասկանում են, որ դիմացինը, բացի իր դաշնակցային պարտավորություններից, ունի նաև իր պետական շահերը, որոնք երբեմն կարող են չհամընկնել իր շահերին: Բայց այս պահին Ռուսաստանի դերակատարությունն ու ռուսական զորքերի խաղաղապահ առաքելությունն այստեղ մենք շատ բարձր ենք գնահատում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը