Լրահոս

10.05.2011 10:18


ՆԱՏՕ–ի ուժերը, ենթադրվում է, հարվածներ են հասցրել Տրիպոլիում գտնվող Քադաֆիի նստավայրին ու հեռուստակենտրոնին

ՆԱՏՕ–ի ուժերը, ենթադրվում է, հարվածներ են հասցրել Տրիպոլիում գտնվող Քադաֆիի նստավայրին ու հեռուստակենտրոնին

Հղում անելով ականատեսներին՝ արևմտյան տեղեկատվական գործակալությունները հաղորդում են, որ ՆԱՏՕ–ի կազմի մի քանի ինքնաթիռներ լույս երեքշաբթի գիշերը հարվածներ են հասցրել Լիբիայի մայրաքաղաքին, պայթյուններ լսվել են նաև Մուամար Քադաֆիի նստավայրի մոտ։

Այս անգամ, ականատեսների վկայությամբ, հարձակման թիրախ կարող էին դառնալ Լիբիայի մայրաքաղաքի տեղեկատվական կենտրոնները։ «Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ՝ պայթյուններից հետո ծխի խիտ կուտակումներ են գոյացել պետական հեռուստակենտրոնի և պետական «JANA» տեղեկատվական գործակալության շենքի մոտ։ «Ռոյթերս»–ը հայտնում է մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի նստավայրի շրջակայքում լսված հինգ պայթյունների մասին։

Լույս մայիսի 1–ի գիշերը ՆԱՏՕ–ի օդուժը հարվածներ էր հասցրել Տրիպոլիի Բաբ ալ–Ազիզիա շրջանի թիրախներին, որտեղ տեղակայված է Քադաֆիի նստվայրը։ Լիբիական կառավարությունը հայտնում է, որ օդային հարվածների հետևանքով զոհվել են Քադաֆիի կրտսեր որդին՝ Սայիֆ ալ–Արաբը, երկրի ղեկավարի երեք թոռները, ինչպես նաև նրա մի քանի ընկերներ ու հարևաններ։ Լիբիայի առաջնորդն ու իր կինը չեն տուժել։

Այս խորագրի վերջին նյութերը