Լրահոս

07.05.2011 00:35


Հանձնաժողովը խիստ վերահսկողություն է սահմանում պարարտանյութերի շուկայում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական  մայիսի 6-ին կայացած նիստում հրապարակեց մարտի 30-ին ազոտական պարարտանյութերի շուկայում սկսված ուսումնասիրության արդյունքները: Նկատի ունենալով գյուղոլորտում այս ապրանքատեսակի կարևորությունը և նաև պայմանավորված դրա օգտագործման սեզոնայնությամբ, Հանձնաժողովն ուսումնասիրությունն ավարտեց բավականին կարճ ժամկետում:

Նախ, ուսումնասիրության ընթացքում պարզվեցին, թե որ ընկերություններն են հանդիսանում այս շուկայում գերիշխող:

Այսպես, 2011 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ազոտական պարարտանյութի շուկայում գերիշխող են «Քեթրին գրուպ» ընկերությունը, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 30 տոկոս, «Ագրիմատկո Արմենիան»` իրացման 24 տոկոս և «Մասիսի բերրիություն» ընկերությունը` 22 տոկոս մասնաբաժիններով:

Նշված տնտեսվարողների կողմից գերիշխող դիրքի չարաշահման առկայությունը պարզելու նպատակով, Հանձնաժողովը կատարել է նրանց գործունեությունների մանրամասն ուսումնասիրություն: Այսպես, 2010-ի մարտին այս ընկերությունների մոտ 1 պարկ (50 կգ ) ազոտական պարարտանյութի ձեռքբերման գինը կազմել է 5600-5800, իսկ վաճառքի գինը՝ 6300-6500 դրամ: Այս տարվա մարտին նրանք պարարտանյութը ձեռք են բերել 6000-6200 դրամով և, ըստ ներկայացված փաստաթղթերի իրացրել 6800-7000 դրամով: Սակայն, Հանձնաժողովի մոնիտորինգի ընթացքում պարարտանյութի մանրածախ առևտրի կետերում արձանագրվել է մինչև անգամ 10 հազար դրամ գին՝ 1 պարկի դիմաց:

Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը որոշեց սահմանել հատուկ  հսկողություն՝ պարարտանյութի վաճառքի գների վրա և վերահսկել, որպեսզի խոշոր ներկրողները 1 պարկ պարարտանյութի համար 7 հազար դրամից ավելի գին չսահմանեն: Ընդ որում, ըստ մամուլի հրապարակումների և գյուղացիական տնտեսությունների պարզաբանումների, իրանական արտադրության պարարտանյութն իրենց վաճառվում է անհամեմատ թանկ, քան վրացականը, մոտ 2-3 հազար դրամի տարբերությամբ: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ 7 հազար դրամ առավելագույն գինը վերոնշյալ երկու տեսակների դեպքում էլ անփոփոխ է:

Հարկ ենք համարում նաև նշել խոշոր ներկրողների հասցեները, որտեղից վաճառքը կկատարվի նշված գներով:

Այսպես. «Քեթրին գրուպ»                  1) ք. Երևան, Այվազովսկու  4 2) ք. Բյուրեղավան ԵԲԿ-10 3) ք. Վանաձոր, Մոսկովյան 27 4) ք. Գյումրի, կայարանամերձ հրապարակ թիվ 1

«Ագրիմատկո Արմենիան»   1) Արմավիրի մարզ, գյուղ Նորապատ

2) Շիրակի մարզ, գյուղ Ազատան 3) ք. Արտաշատ, Արարատյան փողոց 7 ա

«Մասիսի բերրիություն»      1) Արարատի մարզ, ք. Մասիսի կայարան

2) Սյունիքի մարզ, ք. Սիսիան

Ընդ որում նշված գները պետք է գործեն ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ վաճառքի դեպքում: Հանձնաժողովը հետամուտ է և վերահսկելու է, որ ներկրողների կողմից չկիրառվի խտրական և տարբերակված գնային քաղաքականություն:

Հանձնաժողովը հետամուտ է պարարտանյութի վաճառքի գնային չարաշահման հետ կապված խնդիրների լուծմանը

Հանձնաժողովի կողմից  այս շուկան ևս գտնվում է խիստ վերահսկողության տակ, և Հանձնաժողովը հետամուտ է, որ բացահայտվեն սպեկուլյացիոն երևույթները: Այդ իսկ պատճառով հանրապետության գյուղական համայնքներում պարարտանյութի վաճառքի գնային չարաշահման հետ կապված բնակիչները կարող են ահազանգել ՏՄՊՊՀ թեժ գծին՝  010 54-40-04  հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը