Հարցազրույց

17.12.2020 20:59


Կան բավարար հիմքեր՝ խոսելու պատերազմի օրերին պետական դավաճանության մասին, այդ փաստերը պետք է հետաքննվեն, բայց ոչ գործող իրավապահ համակարգի կողմից. Արամ Օրբելյան (տեսանյութ)

Կան բավարար հիմքեր՝ խոսելու պատերազմի օրերին պետական դավաճանության մասին, այդ փաստերը պետք է հետաքննվեն, բայց ոչ գործող իրավապահ համակարգի կողմից. Արամ Օրբելյան (տեսանյութ)

Այսօր Հայաստանում սիրողականության և դավաճանության թանձրուկ է, Հայաստանի և Ադրբեջանի սահմանը պատմականորեն երբեք սահմանազատված չի եղել, սահմանազատումն առհասարակ բարդ գործընթաց է․ ոչ ոք չի պարզաբանել՝ ո՞ր խորհրդային քարտեզով են փորձում սահմանազատել, այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կոնֆլիկտ ունեն, խաղաղության համաձայնություն և հիմնարար փաստաթուղթ չկա: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել փաստաբան Արամ Օրբելյանը:

«Պատերազմը շարունակվում է, անգամ ռազմական դրությունը չեն վերացրել։ Ըստ եռակողմ համաձայնության՝ զորքերը պետք է կանգնեն զբաղեցրած դիրքերում։ Մեկ հոգի նստած՝ դավաճանում է երկիրը, փոխանակ պատասխանատու լինի տարածքային ամբողջականության համար։ Միջազգային հարաբերություններում ոչ թե ընկալումներով, այլ փաստաթղթերով են գործում»,-ասել է փաստաբանը:

Ըստ Օրբելյանի՝ Հայաստանը փաստացի հանձնում է տարածքներ, Ադրբեջանն էլ հայտարարում է, որ Երևանը, Սևանն ու Զանգեզուրը ևս իրենցն են. «Փաշինյանը երևի միայն Իջևանը, Տավուշն է ուզում պահել։ Խնդիրն արդեն մարդկանց ֆիզիկական անվտանգությանն է վերաբերում, նոր ցեղասպանության վտանգ կա։ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հստակ դիրքորոշում են արտահայտել, մեր որևէ գործողություն դրան չի հետևել։ Դավաճանության մասին խոսելու համար բավարար հիմքեր կան, պետք է հետաքննվի, ավելին՝ իշխանությունը մեղքի զգացումով է պատերազմ վարել՝ մտածելով, թե մենք ագրեսոր ենք»:

Փաստաբանի կարծիքով՝ Հայաստանն ինքնակամ տվել է այն դիրքերը, որոնք Ադրբեջանը չէր կարող ուժով վերցրել, և նոր ակտիվ պատերազմը հեռու չէ, բայց այն մեզ համար խիստ աննպաստ դիրքերից է սկսվելու. «Պատերազմի օրերին շատ զենքեր դիտավորյալ չեն օգտագործվել, պետությունը միտումնավոր չի կռվել։ Աբսուրդ է, երբ ՊՆ-ն ՊԲ-ից պարզաբանում է սպասում։ Մենք պարտված վիճակում սահմաններ ենք գծում։ Սահմանների համաձայնագրերը հետո ամենադժվարն են փոփոխվում, միջազգային իրավունքում մոտեցում կա, որ եթե սահմանը գծվում է, ուրեմն վերջ»:

Արամ Օրբելյանի պնդմամբ՝ պարտություն կրած կողմը պետք է հեռանա նույնիսկ առանց ժողովրդի պահանջի. «Նիկոլ Փաշինյանն իր մնալով՝ վերացնում է Հայաստանի ապագան։ Նրան ծանրակշիռ մեղադրանքներ են առաջադրվել՝ 5 մլրդ դոլար կաշառքի հարցով, դա չի հերքվել։ Ցավոք, քննչական և դատախազական մարմիններն ունակ չեն մարդավարի քննություն ապահովելու, նման բարդության գործ վարելու։ Ոստիկաններն ու դատախազներն էլ են քաղաքացի, նրանց սիրտն էլ է ցավում հայրենիքի համար, և պետք է հիշել, որ ակնհայտ ապօրինի հրամանի կատարումը չի ազատում պատասխանատվությունից»:

Փաստաբանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի արարքներում առկա են իշխանության յուրացման, բռնության կոչերի, արդարադատության իրականացմանը միջամտելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու հանցադրվագներ: «Վարչապետը որևէ անձեռնմխելիությամբ օժտված չէ, նրան ձերբակալելու համար որևէ թույլտվություն պետք չէ։ Պետք է քրեական գործ հարուցվի ՀՔԾ-ում և մեղադրանք առաջադրվի նրան, ինչպես, ասենք, Իտալիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում և այլ երկրներում են գործող ղեկավարների նկատմամբ քրեական գործեր հարուցվում»,-ամփոփել է Արամ Օրբելյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը