Լրահոս

06.05.2011 17:22


Սողանքային գոտին շարունակում է առափեցիների կյանքին վտանգ ներկայացնել

Արդեն մի քանի օր տեղացող հորդառատ անձրևների պատճառով կրկին ակտիվացել է Շիրակի մարզի Առափի համայնքի սողանքային գոտին, որի հետևանքով որոշ ընտանիքներ նյութական զգալի վնասներ են կրել: Այսօր առավոտյան կրկին մասնակի փլուզման դեպք է գրանցվել առափեցի Ռուստամ Պողոսյանի բնակարանում: Հողաշերտի ծանրությունից Պողոսյաններին պատկանող բնակարանի պատուհաններն ու սենյակների հատակի որոշակի հատվածը փլվել են, իսկ հողաշերտի մի հատված լցվել է բնակարանը: Տանտերերի պնդմամբ՝  խնդիրը պատկան մարմիններին չի հետաքրքրում: Ընդամենը մեկ անգամ Պողոսյաններին այցելել են Շիրակի մարզային փրկարարական վարչությունից  ու հայտնել, որ բնակարանում ապրելը խիստ վտանգավոր է:

«Ամեն օր ապրում ենք վախի զգացումով, որ մի օր սարն ամբողջությամբ կլցվի մեր վրա, այդ դեպքում պատկան մարմիններն այլևս մտահոգվելու կարիք չեն ունենա. մեզ կթաղեն կպրծնեն»,- ասում է Ռուստամ Պողոսյանը:

Վերջինիս ընտանիքը ստիպված լքել է արդեն իսկ սարի տակ հայտնված բնակարանը և տեղափոխվել հարևանությամբ գտնվող բնակարան, որը ևս տեղակայված է սողանքային ակտիվ գոտում:

Խնդրով Պողոսյանները դիմել են նաև Շիրակի մարզպետարան, որտեղից նրանց պատասխանել են, որ սողանքային գոտին ուսումնասիրելու համար  հատուկ  խումբ է ձևավորվելու, իսկ մինչ այդ ընտանիքին առաջարկվել է տեղափոխվել Գյումրի և ապրել վարձակալությամբ: Պողոսյանները հրաժարվել են մարզպետարանի առաջարկությունից: Ընտանիքը չի  ցանկանում տեղափոխվել՝ մտահոգություն ուենալով, որ այդ դեպքում խնդիրն ընդհանրապես լուծում չի ստանա, և իրենց կրած վնասները չեն փոխհատուցվի:

Նշենք, որ սողանքային գոտին ուսումնասիրելու համար կառավարությունից 10 մլն դրամ է հատկացվել, սակայն ուսումնասիրման աշխատանքներ համայնքում  դեռևս չեն սկսվել: Իսկ մինչ կառավարությունը կորոշի առափեցիների խնդրով զբաղվել, գյուղի բնակֆոնդի զգալի հատվածը շարունակում է շարքից դուրս գալ:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը