Կարծիք

15.12.2020 13:12


Քանի Նիկոլը կա, պատերազմը կանգ չի առնելու

Քանի Նիկոլը կա, պատերազմը կանգ չի առնելու
Անցած երեսուն օրերին ստի կայսրությունը համոզում էր ժողովրդին, թե Նիկոլը կանգնեցրել է պատերազմը, իսկ փողոց դուրս եկած մարդիկ ուզում են, որպեսզի նորից պատերազմ սկսվի։ Այս թեզը չնայած բացարձած կեղծ լինելուն՝ շատերին ստիպում էր իրենց վրդովմունքն արտահայտել լուռ՝ առանց փողոց դուրս գալու, քանի որ մարդիկ արդարացիորեն չեն ուզում պատերազմ։ Ոչ ոք չի ուզում։
Վերջին օրերի իրադարձությունները հիմնովին ջախջախեցին ստի կայսրության նաև այս թեզը։ Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլը մնաց։ Բայց պատերազմը շարունակվեց։ Ընդ որում, նոյեմբերի 9-ից հետո Հայաստանն այլևս չի դիմադրում և հանձնում է հանքեր, հողեր, եկեղեցիներ, կորցնում գյուղեր, ավելացնում գերիների քանակը։ Հիմա միակողմանի պատերազմ է, որովհետև Նիկոլի Հայաստանն ուղղակի հանձնվել է։
Պարզվեց, որ անգամ կապիտուլայցիայից հետո թշնամին կանգ չի առնելու, իսկ Նիկոլը խոնարհաբար շարունակելու է զիջել այն, ինչ իրենից կպահանջեն՝ մարդասպան դիվերսատներից մինչև Հադրութի շրջանի գյուղեր։ Պարզվեց, որ պատերազմը կանգ չի առել, դրա վկայությունն են նախօրեի 6 վիրավորներն ու գերության մեջ հայտնված նոր զինվորները։
Ու ստացվեց այնպես, որ Արցախը տալով, գլխացավը չվերացավ։ Այն ավելանում է։ Որովհետև պարզվեց, որ Ադրբեջանի ուզածը սկսվում է 7 շրջանով, բայց չի ավարտվում։ Ալիևն արդեն հայտարարել է իր հավակնությունների մասին՝ ընդհուպ մինչև Սյունիք, Սևան ու Երևան։
Բաքվի ախորժակը նոր է բացվում, Թուրքիան երանությամբ է հիշում Էնվերին։ Այս մարդիկ էլ ո՞նց ասեն, որ Հայաստանն ու հայերին ընկալում են որպես թշնամի։ Էլ ինչ անեն, որ հասկանաք. նրանց հետ ուզվորություն անելն անհնար է։ Եթե թուլացար, կվերացնեն՝ բառի ամենաբուն իմաստով... Եվ սրան զուգահեռ 5000 զոհի մարմինը չսառած՝ նիկոլականները խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրի, դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին։ Այս մարդիկ իսկապես չեն հասկանում՝ իրենց արածի ու ասածի հետևանքները։
Քանի Նիկոլը կա, պատերազմը կանգ չի առնելու։ Սա է իրականությունը։
Հ.Գ. Այս պատերազմն իր ողջ մարդկային ողբերգությամբ, հայրենազրկմամբ պարունակում է նաև ինքնամաքրման նշմարվող հույս։ Հույս, որ ի վերջո մենք հրաժեշտ կտանք պատրանքներին։ Այն պատրանքներին, որոնք ինքներս էինք ստեղծել, որոնք մեզ հրամցրել էին։ Ու վերջապես կհասկանանք՝ ով ենք մենք, որտեղ ենք ապրում, ովքեր են մեր թշնամիներն ու բարեկամները։ Ու պատրանքների փոխարեն կձևավորենք մեծ երազանք՝ առողջ, ազնիվ և հաղթական, որի հետևից բոլորով կգնանք։
Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը