Լրահոս

05.05.2011 16:06


ՌԱՀՀԿ-ը քննարկեց ՀՀ-ում հանրային պահանջի և ներքաղաքական առաջարկների օրակարգը

Ներքաղաքական եւ ներհասարակական զարգացումների լույսի ներքո այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ հերթական սեմինար-քննարկումը, որի թեման էր` «Հայաստան. հանրային պահանջ եւ ներքաղաքական առաջարկներ»:

Հրավիրված էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, փորձագետներ եւ լրագրողներ:

Սեմինարը բացեց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը` ակնկալելով շահագրգիռ եւ համակողմանի քննարկում: «Այսօրվա մեր նպատակն է փորձել հասկանալ, թե որքանով են հայաստանյան գործընթացները համապատասխանում հասարակության սպասելիքներին եւ վարվող բանավեճի տրամաբանությանը»,- նշեց Սարգսյանը:

Հանրության տարբեր շերտերում առկա դիսկուրսի առանցքային դիտանկյունները շոշափեց եւ հետխորհրդային կարծրատիպերի ու անկախության մարտահրավերների էությունը վերհանեց պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը: Բանախոսն անդրադարձավ շահերի ու հետաքրքրությունների այն շրջանակին, որ ներկայացնում են օլիգարխիկ դասը, մանր ու միջին ձեռներեցները, երիտասարդության նորովի մտածող հատվածը, «անդեմ հասարակություն» կոչված շերտը եւ այլք: Նրանց մի մասը, ըստ Թադեւոսյանի, գիտակցում է սեփական շահերը, սակայն չի տեսնում դրանց իրացման գործիքակազմը, մյուսները հակառակը` ունակ են ընդհանրական ու կազմակերպված ձեւ տալ իրենց տեսլականին:

«Հասարակության առջեւ ծառացած հիմնական խնդիրը շերտավորման գործընթացի խրախուսումն է, այսինքն` միատարր ազգայնական հանրույթից շերտավորված հասարակության անցնելու հրամայականը»,- ընդգծեց զեկուցողը:

Նույն հարթության մեջ ՌԱՀՀԿ տնօրենը սահուն անցում կատարեց ներկա պահի քաղաքական զարգացումներին` նկատելով, որ քաղաքական վերնախավը մեզանում երկար տարիներ գործում էր լոկալ եւ ազատ տարածքում` հասարակության ներուժը ծառայեցնելով իր խնդիրների լուծմանը: Սակայն վերջին շրջանում, ինչպես ողջ արաբական աշխարհում, ՀՀ-ում եւս հասարակությունը, Սարգսյանի խոսքով, սկսեց բարձրաձայնել երկրի զարգացման մասին ունեցած պատկերացումները եւ իր պահանջներն առաջադրել քաղաքական ուժերին, մասնավորապես` ընդդիմությանը: Արդյունքում կարեւորվեց արդար ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորման շուրջ բանավեճը:

«Ընդդիմադիր դաշտում «խարիսխ ձգած» ամենահետադիմական երեւույթը, որ այսօր նկատելի է ընդդիմության տարբեր թեւերի ներկայացուցիչների շրջանում, իշխանությանը ծառայելու, նրա պատվերները կատարելու մեջ միմյանց մեղադրելն է: Եվ ամենազարմանալին այն է, որ այդ դաշտում սկսել են գերիշխել բոլոր տեսակի երեւույթների ավտորիտար ընկալումները»,- ասաց ՌԱՀՀԿ տնօրենը` նշելով, որ երրորդ ուժի անհրաժեշտության մասին խոսակցությունը նույնպես ավտորիտար մոտեցումների արդյունք է:

Քննարկման ընթացքում եւ ավարտին ծավալված հարցուպատասխանին ու մտքերի փոխանակությանը մասնակցեցին իրավագետ Անդրեաս Ղուկասյանը, Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը, կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոպյանը, ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը, Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի (ՄԻԺԻ) ՀԿ նախագահ Արփինե Գալֆայանը, ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը, քաղաքագետ Արթուր Ավթանդիլյանը եւ ուրիշներ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Այս խորագրի վերջին նյութերը