Լրահոս

05.05.2011 00:05


Գիտնականները հանդիպեցին «Ժառանգության» պատգամավորների եւ ակտիվիստների հետ

Վերջերս FaceBook սոցիալական ցանցում ձեւավորված «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի ներկայացուցիչները` ակադեմիկոս Արթուր Իշխանյանը, Խաչիկ Գեւորգյանը ու այլ երիտասարդ գիտնականներ և  «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը  եւ կուսակցության մի շարք երիտասարդ ակտիվիստներ այսօր կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպեցին` նախաձեռնության առաջ քաշած հարցերը քննարկելու նպատակով:

Կողմերը իրենց մտահոգությունն արտահայտեցին Հայաստանում գիտության ներկայիս աղետալի վիճակի եւ հատկապես Կառավարության կողմից երիտասարդ գիտնականների հանդեպ անմարդկային ու հակապետական վերաբերմունքի կապակցությամբ: Օրինակ` նշվեց, որ բազմաթիվ տաղանդաշատ երիտասարդ գիտնականներ զավեշտալի աշխատավարձերի պատճառով (երբեմն` 28000 դրամ) լքում են հայրենիքը: Գիտնականների միջին տարիքը վերջին 10 տարիների ընթացքում աճել է 10 տարով եւ այժմ հասնում է 57-58 տարեկանի: Այս աղետալի տեմպերով շուտով գիտությունը Հայաստանում կարող է բառացիորեն ֆիզիկապես դադարել գոյություն ունենալուց:  Այսօր աշխարհում գիտնականների միջին մասնաբաժինը 1 մլն բնակչի հաշվով կազմում է 3500 մարդ, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը ընդամենը 1500 է:  Հայաստանում նաեւ չեն կիրարկվում գիտության բնագավառին վերաբերող միջազգային չափանիշները: Անգամ չկա օրենք փորձաքննության մասին: Խմբի անդամները տեղեկացրեցին նաեւ, որ FaceBook-ում տեղադրել են 14 հեղինակային ծրագրերի հակիրճ նկարագրությունները, որոնց կարելի է ծանոթանալ հետեւյալ հասցեով.  http://www.facebook.com/science.and.finance/posts/117094458373105?notif_t=feed_comment_reply :

Սա խմբի ներկայացուցիչների առաջին նմանատիպ հանդիպումն էր որեւէ քաղաքական կուսակցության հետ: Խումբը որոշել է առաջիկա օրերին հանդիպումներ ունենալ նաեւ այլ կուսակցությունների հետ:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը