Լրահոս

04.05.2011 17:00


Մինասի որմնանկարները գժտեցրե՞լ են Աշոտ Գիզիրյանին և Վարդան Ղուկասյանին

Մինասի որմնանկարները գժտեցրե՞լ են Աշոտ Գիզիրյանին և Վարդան Ղուկասյանին

Մինաս Ավետիսյանի որմնանկարներից երկուսը Շիրակի մարզից տեղափոխելու կառավարության որոշումը տարաձայնություններ է առաջացրել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի միջև:

Ըստ հավաստի տեղեկությունների՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրահանգել է հավաքագրել հասարակական, արվեստի և մշակույթի գործիչներ, որոնք հրապարակայնորեն դեմ կարտահայտվեն Մինաս Ավետիսյանի որմնանկարները Երևան տեղափոխելուն:

Երկու օր առաջ լրագրողների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել մարզի մշակութային և հասարակական գործիչները, որին մասնակցում էր նաև Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը: Ասուլիսի ժամանակ ներկայացվել է խնդիրը, և որոշվել է հանրային քննարկումների շարք անցկացնել: Իսկ արդեն մայիսի 3-ին Գյումրու տեխնիկական գրադարանի դահլիճում մարդկանց ավելի մեծ թվով անցկացվել է վերոհիշյալ քննարկումը:

Հավաստի տեղեկությունների համաձայն՝ Վարդան Ղուկասյանի կողմից հրահանգված քննարկման կազմակերպիչներից էր «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, իսկ մասնակիցների թվում էին լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Երևանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի  ռեկտոր Համբարձում Ղուկասյանը և ուրիշներ: Տարօրինակն այն էր, որ քննարկման մասնակիցներից շատերը տեղյակ չէին՝ ինչի համար են հավաքվել, և քննարկումն ինչ թեմայով է: Ի դեպ, մասնակիցների թվում կային շատ մարդիկ, որոնք աշխատում էին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներում: Երբ հարցրեցինք հավաքվելու պատճառը, քննարկմանը մասնակցող քաղաքի գրադարաններից մեկի աշխատակցուհին պատասխանեց.

«Տեղյակ չենք. եթե տեղյակ լինեինք, մեծ սիրով կխոսեինք: Մեր փոխտնօրենը զանգեց, չհասցրեցի հարցնել, թե ինչի՞ համար է, անմիջապես ասացի՝ այո՛, հիմա, ընթերցողներին ճանապարհենք, փակենք, գանք»:

Լևոն Բարսեղյանն էլ քննարկման ժամանակ առաջարկել է հատուկ կանանցից բաղկացած պահակախումբ ստեղծել, որոնք շուրջօրյա հսկողություն կանցկացնեն որմնանկարների մոտ և թույլ չեն տա դրանք Երևան տեղափոխել.

«Լավ կլինի, որ այդ խմբերում կանայք լինեն. կանանց նկատմամբ ոստիկանության վերաբերմունքը սկզբունքորեն այլ է»,- հայտարարել է Լևոն Բարսեղյանը:

Մինաս Ավետիսյանի որմնանկարների տեղափոխման առումով Վարդան Ղուկասյանի կողմից հրահանգված, այսպես ասած, հրապարակային դիմադրության ակցիաներն ակնհայտորեն դուր չեն եկել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին: Ըստ «7օր»–ի ունեցած հավաստի տեղեկությունների՝ Աշոտ Գիզիրյանը կապվել է Վարդան Ղուկասյանի հետ, նրան հանդիմանել ինքնագործունեության համար և հրահանգել վերջ տալ այդ հրապարակային շոուներին: Որպես արդարացում՝ Վարդան Ղուկասյանը նշել է գյումրեցիների՝ Մինասի որմնանկարների նկատմամբ ունեցած հեղինակային իրավունքը, սակայն այդ արդարացումը լուրջ չի ընդունվել:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը