Լրահոս

04.05.2011 16:02


Քաղաքագետ. «Ադրբեջանը պետական ահաբեկչական քաղաքականություն է վարում»

Քաղաքագետ. «Ադրբեջանը պետական ահաբեկչական քաղաքականություն է վարում»

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը վարում է պետական ահաբեկչական քաղաքականություն։

–Երկու օրվա մեջ դիպուկահարների կրակոցներով երեք հայ զինվոր սպանելը պետական ահաբեկչություն է։ Մենք գործ ունենք մի պետության հետ, որը ոչ պակաս «Ալ Քաիդա» է. անընդհատ ահաբեկչություն է կատարում, որն անպատասխան ու անպատիժ է մնում,–ընդգծել է քաղաքագետը։

Նրա կարծիքով ժամանակն է, որ պատժվեն ոչ միայն ահաբեկչությամբ զբաղվող առանձին անձինք, այլև պետությունները։

Հիմա մենք բանակցում ենք ինչ–որ կետերի մասին, երբ դիպուկահարների հետ քաշելու մասին կետը չի կատարվում Ադրբեջանի կողմից։ Հայկական կողմն իրավունք ունի հենց հիմա կասեցնելու բանակցային գործընթացն ու առաջարկելու, որ ԵԱՀԿ համանախագահները զսպեն Իլհամ Ալիևին, այլապես հայկական կողմը ևս կարող է համազոր պատասխան տալ, երբ յուրաքանչյուր զոհի դիմաց ադրբեջանցին պետք է տա տաս զոհ,–ասել է Ս. Շաքարյանցը։

Նա կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է ստիպեն Ադրբեջանին, որ նա կատարի իր պարտականությունները.

–Երբ ՄԽ համանախագահները հայ զինվորի սպանության դեպքում կոչ են անում Հայաստանին չկրակել ու չեն պատժում հակառակ կողմին, ապա նրանց գոյությունը անիմաստ է դառնում։

Վերջում նա հավելել է, որ Հայաստանը պետք է հարձակողական քաղաքական կուրս սկսի Ադրբեջանի դեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը