Լրահոս

04.05.2011 15:46


Լևոն Զուրաբյան. «Կգա մի պահ, երբ ժողովուրդը թքած կունենա Հայ ազգային կոնգրեսի կարծիքի վրա»

Լևոն Զուրաբյան. «Կգա մի պահ, երբ ժողովուրդը թքած կունենա Հայ ազգային կոնգրեսի կարծիքի վրա»

Այսօր Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում հրավիրված ասուլիսում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հիշեցրել է Լևոն Տեր–Պետրոսյանի խոսքերը, որ կգա մի պահ, երբ ժողովուրդը թքած կունենա Հայ ազգային կոնգրեսի կարծիքի, ինչպես նաև Ղարաբաղի խնդրի հետ կապված արգելքների վրա և կընդվզի։

–Իսկապես ծանրագույն սոցիալական վիճակ է ստեղծված, ժողովրդի վիճակն օրըստօրե վատանում է, և նա հակված է ամենածայրահեղ գործողությունների,–ասել է Լ. Զուրաբյանը՝ ընդգծելով, որ ապրիլի 28–ի ՀԱԿ հանրահավաքից հետո իրենից իսկապես ջանքեր են պահանջվել Ազատության հրապարակում նստացույցի դիմած մարդկանց իրենց մտադրությունից հետ կանգնեցնելու համար։ ՀԱԿ համակարգողն ընդգծել է, որ նստացույցի պատրաստ այդ մարդիկ ուղղակի չեն հավատում Սերժ Սարգսյանի այն պարզաբանումներին, թե մինչև մայիսի 28–ը քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու։

–Այնտեղ հավաքված ժողովուրդը, որը որոշել էր նստացույցի դիմել, չի հավատում դրան։ Եվ ես ստիպված էի խնդրել բոլորին այդ նստացույցից հրաժարվել։ Բայց ստիպված էի նաև ասել, որ եթե Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը մայիսի 31–ի հանրահավաքին ելույթ չունենան հարթակից, ուրեմն ե՛ս էլ միանալու եմ ձեր նստացույցին։ Եվ միայն այդ պայմանով մարդիկ, փաստորեն, հեռացան։

Ի դեպ, ասուլիսի ժամանակ Լևոն Զուրաբյանը հիմնականում խոսել է մինչև մայսի 28–ը Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման մասին։ «7օր»–ի հարցին ի պատասխան էլ նա հայտարարել է, որ, ըստ ՀԱԿ–ի, այսօր Հայաստանում վեց քաղբանտարկյալ կա, այդ թվում՝ Մուրադ Բոջոլյանը։

«Եթե մինչև մայիսի 28–ը այդ վեց քաղբանտարկյալներից գոնե մեկը դեռ լինի անազատության մեջ, ինչպիսի՞ն են լինելու ՀԱԿ–ի գործողությունները»,–հարցրել է «7օր»–ի թղթակիցը։

–Մենք բոլոր քաղբանտարկյալներին տե՛ր ենք,–պատասխանել է Լ. Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը