Լրահոս

04.05.2011 15:08


Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Հիսասու Տոկունագային:

Նախագահը մեկ անգամ ևս ցավակցություն է հայտնել ս.թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ` նշելով, որ, ցավոք, 1988թ. հայ ժողովուրդը նույնպես բնության այդ աղետի սարսափելի հետևանքներն իր վրա զգացել է: Հանրապետության ղեկավարի խոսքով, թերևս, դա է պատճառը, որ հայ ժողովուրդն ավելի ծանր ընդունեց Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգությունը: «Մենք հիացած ենք ձեր ժողովրդի արիությամբ և տոկունությամբ` ճակատագրի այդ ծանր հարվածը կրելիս: Իհարկե, ուշադրությամբ հետևում ենք Ճապոնիայի կառավարության գործադրած ջանքերին՝ Ֆուկուսիմա-1 ատոմակայանի վթարի հետևանքների վերացման ուղղությամբ և լիահույս ենք, որ ձեզ կհաջողվի չեզոքացնել բոլոր հետևանքները»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հույս է հայտնել, որ Ճապոնիայի համար այս ծանր ժամանակաշրջանը չի խանգարի երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ աշխատանքը շարունակելուն, որի նպատակով դեռևս անցյալ տարվա հունիսին Տոկիոյում բացվել է Հայաստանի դեսպանություն:

Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին` ցավակցության և իր ժողովրդին ուղղված ջերմ խոսքերի համար` վստահեցնելով, որ չնայած  բոլոր դժվարություններին, Ճապոնիան պատրաստակամ է Հայաստանում շարունակել իր աջակցության ծրագրերը: Հիսասու Տոկունագան նշել է, որ ի պաշտոնե առաջին անգամ է այցելում Հայաստան և վստահ է, որ այցի շրջանակներում ունեցած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը:

Այս խորագրի վերջին նյութերը