Լրահոս

04.05.2011 13:58


Էդիկ Բալայան. «Առանց Հյուսիսային Արցախի խնդրի լուծման, հայ փախստականների վերադարձի հարցի լուծումը դառնալու է անհնարին»

Էդիկ Բալայան. «Առանց Հյուսիսային Արցախի խնդրի լուծման, հայ փախստականների վերադարձի հարցի լուծումը դառնալու է անհնարին»

1991թ. ապրիլի 30-ին Գանձայում (Կիրովաբադ) տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան` տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ առավ Հյուսիսային Արցախի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Այս գործողությանը ժամեր անց հետևեց Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ադրբեջանցի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Շահումյանի շրջանից հայկական բնակչության զտմանն ուղղված այս գործողությունը ստացավ «Օղակ» («Кольцо») անվանումը։ Հայաբնակ գյուղերի բնակիչներն ուղղաթիռներով բռնի կերպով արտաքսվեցին։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շահումյան-Գետաշեն հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանը, Գետաշենի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն, ինքնապաշտպանական մարտերի մասնակից Շմավոն Ղուլղազարյանը և Մարտունաշենի ինքնապաշտպանության ղեկավար Արմեն Պողոսյանը պատմեցին 20 տարի առաջ այս օրերին Գետաշենում և Մարտունաշենում տեղի ունեցած դեպքերի մասին։

«Տխրահռչակ «Կոլցո» օպերացիայի միջոցով Գետաշենի ենթաշրջանի հայկական 7 գյուղերի խաղաղ բնակչությունը ահաբեկվեց և գազանությունների միջոցով բռնի վտարվեց իր պատմական բնակավայրերից։ 19 տարի առաջ էլ Շահումյանի շրջանի 21 000 բնակչությունը Ադրբեջանի հրոսակների կողմից բռնի ուժով տեղահանվեց իրենց պատմական հայրենիքից: Հյուսիսային Արցախի 18 հայկական գյուղերը բռնազավթվեցին ադրբեջանցիների կողմից և այժմ էլ օկուպացված են»,–ասել է Էդիկ Բալայանը։  Նա ընդգծել է, որ այսօր պետք է ավելի շատ խոսել Հյուսիսային Արցախի կարգավիճակի մասին, որպեսզի Մինսկի խմբի բանակցային գործընթացի մեջ ներառվի նաև Հյուսիսային Արցախի խնդիրը։

«Առանց Հյուսիսային Արցախի խնդրի լուծման, հայ փախստականների վերադարձի հարցի լուծումը դառնալու է անհնարին, քանի որ կես միլիոն հայ փախստականներ Ադրբեջանի տարածքում իրական անվտանգության երաշխիքներ չունենալու պատճառով զրկված կլինեն իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու հնարավորությունից։ Այսինքն՝ հայ փախստականները մնում են օդում կախված»,- շեշտել է նա։

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից ինտենսիվորեն վերաբնակեցվում են հայկական գյուղերը, հիմնահատակ ոչնչացվում են հայկական բնակավայրերը, պատմական հուշարձանները, գերեզմանները, փորձ է արվում վերացնել հայ էթնիկ պատկանելիության բոլոր հետքերը: «Մենք պահանջում ենք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստահավաք առաքելություն գործուղի Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական բնակավայրերը և կանխվի այդ վայրագություններն ու գազանությունները»,- ասել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը