Լրահոս

04.05.2011 12:26


Իսրայելի ԱԳՆ–ն «ՀԱՄԱՍ»–ի և «ՖԱԹՀ»–ի համաձայնությանը հավանություն է տվել

Իսրայելի ԱԳՆ–ն «ՀԱՄԱՍ»–ի և «ՖԱԹՀ»–ի համաձայնությանը հավանություն է տվել

Իսրայելի մի խումբ դիվանագետներ զեկույց են պատրաստել, որտեղ երկրի իշխանություններին խորհուրդ է տրվում աջակցել  պաղեստինյան «ՀԱՄԱՍ» և «ՖԱԹՀ» շարժումների միջև կնքված համաձայնությանը։ Փաստաթուղթը ներկայացվել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Իսրայելի իշխանությունները պետք է ոչ թե սվիններով դիմավորեն պաղեստինցիների գործողությունները, այլ ճկունություն ցուցաբերեն։ Մասնավորապես, դա Իսրայելին հնարավորություն կտա բարելավել ԱՄՆ–ի հետ հարաբերությունները, որոնք վատացել էին Արևելյան Երուսաղեմում հրեական բնակավայրերի ընդլայնումից հետո։

Բացի այդ, դիվանագետները նշում են, որ նման մոտեցումը կհանգեցնի միջազգային հանրության ուշադրության սևեռմանը նրա վրա, որ «ՀԱՄԱՍ»–ը հրաժարվում է ճանաչել Իսրայելը։

Պաղեստինյան երկու հակամարտող շարժումների միջև համաձայնությունը ստորագրվել է մայիսի 3–ին Կահիրեում։ Դրա համաձայն՝ Պաղեստինի ինքնավարությունում անկախ տեխնոկրատներից ժամանակավոր կառավարություն է ստեղծվելու, ինչից հետո մեկ տարվա ընթացքում ընտրվելու է Պաղեստինի ինքնավարության նախագահը։ Միաժամանակ, համաձայնության պայմաններով՝ Հորդանան գետի Արևմտյան ափը կշարունակի վերահսկել «ՖԱԹՀ»–ը, իսկ Գազայի հատվածը՝ «ՀԱՄԱՍ»–ը։

Համաձայնությունը ձեռք է բերվել մեկուկես տարվա բանակցություններից հետո։ Մայիսի 4–ին Կահիերում տեղի կունենա պաղեստինյան երկու շարժումների միջև ձեռք բերված համաձայնությանը նվիրված պաշտոնական արարողությունը։

Այս խորագրի վերջին նյութերը