Լրահոս

04.05.2011 09:29


Հարուցվել է քրեական գործ` խարդախություն, յուրացում կատարելու եւ պաշտոնեական անփութության համար

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու, խարդախություն, յուրացում կատարելու,  եւ պաշտոնեական անփութության դեպքի առթիվ:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ուսումնասիրելով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ստացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ»  պետական հիմնարկի տնօրենի գրության հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել է, որ  «Անելիք բանկ»  ՍՊ ընկերության «Կենտրոնական» մասնաճյուղի կառավարիչ Հ. Աղաբաբյանը 2006թ. հունիսի 12-ին կազմել և «ԱՍ-ԿԱ» ՍՊ ընկերության պատասխանատու աշխատակիցներին է հանձնել 171.209 ԱՄՆ դոլարի կանխավճարի և 68.484 ԱՄՆ դոլարի կատարման բանկային երաշխիքներ:

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերոհիշյալ բանկային երաշխիքների հիման վրա վերջիններս, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի և «ԱՍ-ԿԱ» ՍՊ ընկերության միջև 2006թ. հունիսի 14-ին կնքված «Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան և Կոթի համայնքների հողերի ոռոգում»  RAEDP/LCB/ CW-2006/005/3 Can (3-րդ փուլ) կապալի պայմանագրով նախատեսված ոռոգման ջրագծի կառուցման 684.828 ԱՄՆ դոլարի աշխատանքներն իրականացնելու համար «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» պետական հիմնարկից ստանալով 649.831 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումար, խաբեությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2007թ. փետրվարի կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով հավելագրել են փաստացի չկատարված 15.006 ԱՄՆ դոլարի աշխատանքներ և շինարարության տեխնիկական վերահսկման մասնագետ Ս. Գասպարյանի օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել են պետության առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները:

Միեւնույն ժամանակ  «ԱՍ-ԿԱ» ՍՊ ընկերության աշխատակիցները, պայմանագրով նախատեսված աշխատանքներն ավարտին չհասցնելով, յուրացրել են իրենց վստահված գումարներից 37.759 ԱՄՆ դոլարին համարժեք 16.300.603 դրամ առանձնապես խոշոր չափի գումարը` արդյունքում  պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Բացի այդ`  «Հայխնայբանկ»  ՓԲ ընկերության «Մասիսի»  մասնաճյուղի կառավարիչ Ա. Հայրապետյանը 2006թ. օգոստոսի 23-ին կազմել և «Էջմիածնի ջրշին» ՍՊ ընկերության տնօրեն Ջ. Գրիգորյանին է հանձնել 191.668 ԱՄՆ դոլարի կանխավճարի և 95.834 ԱՄՆ դոլարի կատարման բանկային երաշխիքներ, իսկ 2007թ. փետրվարի 6-ին` 60.000.000 դրամի կատարման երաշխիք: Արդյունքում` դրանց հիման վրա վերջինս «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ»  պետական հիմնարկի և «Էջմիածնի ջրշին» ՍՊ ընկերության միջև 2006թ. սեպտեմբերի 12-ին կնքված «Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան և Կոթի համայնքների հողերի ոռոգում» RAEDP/LCB/ CW-2006/005/2 Can (2-րդ փուլ) կապալի պայմանագրով նախատեսված 958.310 ԱՄՆ դոլարի ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» պետական հիմնարկից ստանալով 934.346 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, կատարել և ներկայացրել է 593.493 ԱՄՆ դոլարի կատարողական ակտ: Ջ. Գրիգորյանը, պայմանագրով նախատեսված աշխատանքներն ավարտին չհասցնելով, յուրացրել է իրեն վստահված գումարներից 340.853 ԱՄՆ դոլարին համարժեք 121.522.717 դրամ առանձնապես խոշոր չափի գումար` պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով :

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը