Լրահոս

03.05.2011 17:12


Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության նախկին աշխատակիցները դիմել են Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ

պարոն Ս. Սարգսյանին

պատճենը`

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ

պարոն Հ. Աբրահամյանին

ՀՀ վարչապետ

պարոն Տ.Սարգսյանին

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ

պարոն Մ. Բադալյանին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Կարեն Անդրեասյանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար

պարոն Ս. Կարապետյանին

Զանգվածային լրատվամիջոցներին

ՀՀ նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 11-ի «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական ու բուսասանիտարիայի պետական տեսչությունները ՀՀ գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի վերակազմակերպման մասին» ՆՀ-292-Ն հրամագրով ստեղծվեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որի արդյունքում նախարարության աշխատակազմի այդ տեսչությունների բոլոր աշխատակիցները սույն թվականի ապրիլի մեկից ազատվեցին աշխատանքից: Տեսչությունների բոլոր աշխատողները շարունակեցին կատարել աշխատանքային պարտականությունները մինչև ապրիլի 30-ը և մինչ այդ նորաստեղծ ծառայության ղեկավարության կողմից աշխատանքի չներկայանալու կամ աշխատողների կրճատումների մասին պաշտոնական կամ որևէ այլ տեղեկատվություն չի եղել:

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ տեսչությունների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք շարունակում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները մինչև ծառայության անվանացանկը հաստատելը, իսկ հաստիքների կրճատմամբ ուղեկցվող մարմնի վերակազմակերպման դեպքում նոր թափուր պաշտոնների զբաղեցումը պետք է կատարվի <Քաղաքացիական ծառայության մասին> ՀՀ օրենքի 12.2-րդ և 29-րդ հոդվածների դրույթների պահպանմամբ:

Ապրիլի 30-ին սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար կազմի կանչով սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության տարածքային մարմինների բոլոր աշխատակիցները` բացառությամբ Երևանի տարածքային մարմնի, ներկայացան էրեբունի  12 հասցե, որտեղ անհայտ պայմաններով և ինչ-ինչ սկզբունքներից ելնելով տեղեկացրեցին սննդամթերքի անվտանգության պետական ծառայության երկու տեսչություններում աշխատանքի ընդգրկված  մարդկանց ցուցակը, որոնց ինչ կարգով են նշանակելու` արտամրցութային թե այլ, հստակ պատասխան չտրվեց, իսկ չնշանակված անձանց կադրերի կարճաժամկետ ռեզերվ ուղարկելու համար տվեցին ստորագրելու համապատասխան դիմումներ ապրիլի տասնութով: Ավելին, նույն օրը, աշխատանքի ավարտից հետո մինչև ուշ գիշեր, վերջապես տեղեկացրեցին տեսչության ապարատի աշխատողների ճակատագիրը:

Փաստորեն մարդկանց համար վճռորոշ ապրիլի վերջին օրը  տեսչության աշխատողների մի ստվար զանգվածի մինչև նրա կարգավիճակի մասին տեղեկացնելը, տվեցին ստորագրելու քաղաքացիկական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվ գրանցելու մասին դիմում և միաժամանակ պահանջեցին հավաքել սեփական իրերը և ազատել աշխատասենյակները: Հաջորդ, կիրակի օրը ևս մի շարք աշխատողների զանգահարել են և պահանջել ներկայանալ ու հավաքել սեփական իրերը:

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության աշխատողներին նախապես ոչինչ չի տեղեկացվել  կամ ծանուցվել ազատվելուց հետո մեր աշխատանքային պարտականությունների կատարման ժամկետի կամ դադարեցման մասին,  իրականում փաստացի աշխատել են ամբողջ ապրիլ ամիսը, սակայն ստացվում է, որ աշխատել են ավելի կարճ ժամանակ, որովհետև կարելի է ենթադրել, որ հետին ժամկետով անհայտ ժամանակ կատարվել են նշանակումներ, իսկ չնշանակված քաղաքացիական ծառայողների անձնական գործերը ամսի 18-ին քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելու դիմումներով ապրիլի երեսունից հետո պետք է ներկայացվեն քաղաքացիական ծառայության խորհուրդ` ինչի արդյունքում չեն պահպանվում քաղաքացիական ծառայողներին կադրերի կարճաժամկետ և երկարաժամկետ ռեզերվում գրանցելու և գրանցումից հանելու ընթացակարգը սահմանելու մասին քաղաքացիական ծառայության խորհրդի համապատասխան որոշման  պահանջները, անհասկանալի և բաց է մնում փաստացի ապրիլ ամսվա ընթացքում տեսչությունների աշխատողների` այդ թվում նաև թափուր պաշտոններում չնշանակված քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի վճարման հարցը:

Հատկանշական է, որ նոր ծառայությունում առկա մի շարք ստորաբաժանումներում /երեք տեսչություններ,  երեք վարչություններ/, որտեղ աշխատելու համար անհրաժեշտ մասնագիտական կրթության և մյուս այլ պահանջները բավարարող մասնագետ կադրեր կան, նշանակումների համար ներկայացվել են միայն տեսչության թափուր պաշտոնները` բացի պետերի պաշտոններից, իսկ վարչությունների թափուր պաշտոնները <աճուրդի չեն հանվել>: Տեսչության քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոն զբաղեցնող շատ աշխատողների ոչինչ` նույնիսկ կրտսեր կամ առաջատար պաշտոններ չի առաջարկվել` փոխարենը պարտադրել են ստորագրել կադրերի կարճաժամկետ ռեզերվ գնալու մասին հետին ամսաթվով դիմումներ:

Ծառայության «խիստ զբաղված» և այլ տեղերում իրենց կողմից «գիշեր-ցերեկ աշխատող» ներկայացող ղեկավարության կողմից մարդկանց նշանակումների, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվ  ուղարկելու, ծառայության թափուր պաշտոններում տվյալ պաշտոնների անձնագրերին համապատասխանող մարդկանց չնշանակելու սկզբունքի և մոտեցումների, կատարվածի օրինականության և ապրիլ ամսվա աշխատանքային գործունեության  համար աշխատավարձի վճարման վերաբերյալ պարզաբանում չի տրվել:

Հարկ է տեղեկացնել, որ արտամրցութային նշանակումների ընթացքում բազմաթիվ են տվյալ պաշտոնում առավել ցածր դասային աստիճան և քաղաքացիական ծառայության աշխատանքային առավել կարճ ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողների նշանակումները. մասնավորապես տեսչության տեղակալների, բաժինների պետերի, մարզային կենտրոնների կամ կենտրոնների բաժնի պետերին, ով ունի բարձր դասային աստիճան և առավել երկար քաղաքացիական ծառայության և մասնագիտական ստաժ, գիտական աստիճան,   ուղարկում են  կարճաժամկետ ռեզերվ, փոխարենը աշխատանք են առաջարկել մեկ կամ երկու տարվա ստաժ ունեցող առաջատար մասնագետի` կոպտորեն խախտելով <Քաղաքացիական ծառայության մասին> ՀՀ օրենքի  12.2-րդ և 29-րդ հոդվածների պահանջները:

Նշանակումների նման մոտեցումը ծառայության պետը և աշխատակազմի ղեկավարը մեկնաբանեցին 2 շաբաթ առաջ կիրակի օրը, մինչև երեկոյան ժամը 10-ը, էրեբունի 12 հասցում, դրսում կանգնած պայմաններում սպասելով տեսչության մարզային կենտրոնների շուրջ 120 աշխատողների հետ կայացած հանդիպման և հարցազրույցը չանցնելու հանգամանքներով, այն դեպքում, երբ բազկաթոռի մեջ կիսապառկած դիրքով և ճոճվելով` ծառայության պետի կողմից շարունակաբար «ռիսկ» բառը պարունակող, եվրոպական չափանիշներին համապատասխանող իր կարծիքով մասնագիտական` անասնաբուժությանը և  սննդի անվտանգությանը վերաբերող և շատ դեպքերում տեսչության գործունեությունից չբխող  և դրան չվերաբերվող հարցեր են տրվել` չգիտես ինչ իրավական հիմքերից բխող երևակայելի  հարցազրույցի հիման վրա: Վիրավորական է նաև ծառայության ղեկավար կազմի կողմից մարդկանց հեռավոր շրջաններից գալու կամ ինչ-որ այլ պատճառով ուշանալու պատճառը պարզելու հանգամանքները հաշվի չառնելով, մարդկանց հետ առաջին անգամ շփվելիս սենյակից տարբեր պատճառներով նրանց դուրս հանելու և մարդկանց հետ շփվելիս էթիկայի տարրական նորմերը չպահպանելու և արհամարհական վերաբերմունքի դրսևորումը: Ի դեպ, վերը նշված աշխատակազմի ղեկավարը, ոմն Արսեն Սարգսյան, ով փետրվարի սկզբից <աշխատել է> սկզբից որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ` առանց պաշտոնը հաստատող որևէ իրավական հիմքի, իսկ ներկայում հանդիսանում է ծառայության աշխատակազմի ղեկավարը  կառավարության իրավաբանական վարչության պետի եղբայրն է, դրսևորել է անհարգալի և արհամարհական վերաբերմունք տեսչության նախկին աշխատողների նկատմամբ:

Տեղին է նշել, որ ծառայության նորանշանակ, մարդկանց հետ պատշաճ շփվելու կուլտուրայից զուրկ և պետական կառավարման համակարգում աշխատանքային փորձ չունեցող,  մասնագիտությանը չտիրապետող  պետը չբարեհաճեց նույնիսկ տալ պարզաբանումներ աշխատանքի ընդունման նման մոտեցումների մասին, այլ շուտափույթ, նախևառաջ առանձնահատուկ և քննչական մարմնին բնորոշ գործելաոճով մինչև մարդկանց նշանակումների մասին տեղեկատվության ներկայացումը` հետամուտ եղավ առանց  գույքի հանձնման-ընդունման գործը կատարելու, հավաքել տեսչության աշխատողներին ամրակցված մեքենաների  բանալիները, հետո նոր այլ սուրհանդակի դեր կատարող մարդու միջոցով մարդկանց մեկամսյա քաշքշուքներից և անորոշությունից ազատեց` հայտնելով իր «օբյեկտիվ և սուբյեկտիվ» գործոնների հիման վրա կայացված  «դատավարական ամենաարդար» որոշումը: Առաջին հայացքից այդ թատերական ներկայացում հիշեցնող հանդիպումից տպավորություն ստեղծվեց, որ պետը կատարեց շատ կարևոր գլխավոր դեր` առանց մենախոսության, շեշտը դնելով իր կարծիքով պետին հարիր արտաքին տեսքի, դեմքի հաստատուն արտահայտության և շարքային աշխատողների մոտ իր հետ շփվելու հնարավորություն վաստակելու և այդ բաղձալի շփմանը արժանանալու տպավորություն ստեղծելու միֆին: Տպավորությունն այնպիսին էր, որ պետը կատարում է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեմ ուղղված ազգային անվտանգության ծառայության բարձր պաշտոնյայի աշխատանք, ում գործունեությունը կատարվում է  հույժ գաղտնիության և շրջապատի նկատմամբ վատ տրամադրվածության և անվստահության պայմաններում և աշխատողների հետ շփման ժամանակ անընդհատ շեշտվում էր նրանց կողմից խախտումներ կատարելու փաստերի հայտնաբերումը և պատիժների կիրառումը, ինչպես պատերազմական պայմաններում հրամանատարի առջև դրված է դավաճանների հայտնաբերումը և դրանցից ազատվելը:

Նման գործելաոճի փոխարեն ծառայության պետը չբարեհաճեց նշանակումից հետո մեկ ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ հանդիպել աշխատանքային կոլեկտիվին` ծանոթանալու, անորոշության և մարդկանց կարգավիճակի վերաբերյալ որոշ հարցեր լսելու համար: Պետի պահվածքից կարելի է հասկանալ, որ նպատակ կա ձևավորվել կալանավայրի ռեժիմ, որովհետև  ծառայության պետը մարդկանց նշանակումների մասին տեղեկացնելու հանդիպման ընթացքում շարունակաբար շեշտում էր աշխատանքի ընթացքում խախտումներ կատարելու դեպքում աշխատողների նկատմամբ խիստ պատիժներ կիրառելու և միայն մասնագետ պատրաստված կադրերի աշխատանքի պահանջների մասին` մոռանալով սեփական մասնագիտական կրթության պատմության, մասնագիտական աշխատանքային փորձի որակի, ունակությունների և պետական համակարգում նաև տեսչական ոլորտում բացարձակ անտեղյակության մասին:

Անհասկանալի է,  իսկ տեսչության աշխատակիցների համար պարզից էլ պարզ է նման իրավիճակի ստեղծումը ծառայության պետի կողմից, երբ առկա է տեսչության ամենապատրաստված և հմուտ մասնագիտական կազմից ազատվելու և թույլ աշխատանքային շրջապատ ձևավորելու և այդտեղ <մեծն, ամենագետ ու անպատիժ առաջնորդ> ներկայանալու միտում, ինչը առաջիկայում ուղղակի բացասաբար կանդրադառնա ծառայության գործունեությանը: Կառավարման համակարգում նման պաշտոնյայի առկայությունը ստվերում և հեղինակազրկում է ողջ պետական կառավարման համակարգը:

Հաշվի առնելով վերոգրյալը, և պատահականորեն չինովնիկ դարձած և ամբողջությամբ այդ դերի մեջ մտած իրեն «պետ և ամեն ինչ կարգած» մարդու կողմից գործազրկության ստվար բանակը համալրելու անհասկանալի պետական մտածելակերպի և գործունեության սոցիալական-քաղաքական հետևանքները, սննդի անվտանգության, անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի բնագավառներում ծառայությանը վստահված պատասխանատվությունը և լիազորությունները և դրանց իրականացման ռազմավարական նշանակությունը` խնդրում ենք Ձեր միջամտությունը և հետևողականությունը առաջացած խնդիրների լուծման, ապրիլ ամսվա փաստացի աշխատանքի համար վարձատրման, ծառայությունում աշխատանքի ընդունման ընտրության վերանայման և ծառայության ղեկավար կազմի գործունեության ընթացքը ուսումնասիրելու և վերահսկելու հարցերում:

Դիմող`

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական  տեսչության նախկին աշխատակիցներ

Այս խորագրի վերջին նյութերը