Լրահոս

03.05.2011 15:32


Մինչ սարագյուղցիները ցեխաջուր են խմում, Աշոտ Գիզիրյանը պաշտոնական նամակի է սպասում

Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Սարագյուղ սահմանամերձ համայնքի բնակիչները տարիներով խմում են Հակահամաճարակային տեսչության պաշտոնական տվյալներով ոչ մի սանիտարական նորմի չհամապատասխանող, կյանքի, առողջության համար վտանգավոր և գրեթե ցեխաջրի բաղադրությամբ ջուր: Բազմաթիվ անգամներ համայնքի բնակիչները դիմել են պատկան մարմիններին՝ խնդրի լուծում ակնկալելով, սակայն անօգուտ: Ավելին, մեկ տարի առաջ ջրմուղը դատի էր տվել գյուղի բնակիչներին և գումար էր պահանջում ցեխաջուրը խմելու համար: Իսկ այժմ արդեն դատական ակտերի հարկադիր կատարողները գնացել են գյուղ և բնակիչներից ցեխաջրի համար գումարներ բռնագանձել:

–Սկսեցին անցած տարվա դեկտեմբերին. որից գումարը բռնագանձեցին, ոմանց վարկերի վրա են նստել, ոսկի ունեն դրած՝ էդ գումարներն են բռնագանձում: Ես զարմանում եմ, թե բանկերն ի՞նչ իրավունք ունեն հարկադիր կատարողին ներկայացնելու, թե տվյալ քաղաքացիներն ինչ ունեն բանկերում դրած,–ասել է  Սարագյուղի գյուղապետ Յուրի Խչոյանը:

Վերջինս պնդում է, որ իրենցից անտեղի են նման գումարներ գանձում այդ ջրի համար, քանի որ ջրամատակարար ընկերությունը ոչ մի ծառայություն չի մատուցել: Յուրի Խչոյանը պատրաստվում է հակընդդեմ հայցով դիմել դատարան.

–Հիմա մեր գյուղում մի քանի հիվանդ կա, որոնք հիվանդացել են ջրի պատճառով։ Դրանցից մեկը մանկահասակ թոռնիկս է: Թող գումարները հետ տան գյուղացիներին, մարդիկ բուժվեն ու իրենց հողի հարկերը վճարեն,–հավելել է Սարագյուղի գյուղապետը:

Իր հերթին Շիրակի մարզպետարանը, խնդրի լուծման ուղիները գտնելու փոխարեն, ըստ էության, զբաղված է խորհրդատվական աշխատանքներով.

–Մարզպետարանը համայնքի ղեկավարին խորհուրդ է տվել, անձամբ ես ինքս տեղում եղել եմ, խորհուրդ եմ տվել՝ սանէպիդ կայանին մեկ անգամ ևս դիմի, որպեսզի գան, պաշտոնապես ստուգեն ջրի որակը։ Եթե համապատասխանում է, լա՛վ, եթե չի համապատասխանում, թող համայնքի ղեկավարը դիմի ջրմուղի համապատասխան մարմինններին ու դատարան: Կարևորը խմելու ջուր ունենալն է,–ասել է Շիրակի մարզպետարանի ՏԻՄ վարչության մասնագետ Ռուբիկ Հարությունյանը:

Գյուղ այցելության ժամանակ վրդովված սարագյուղցիները նրան խմելու ջուր են առաջարկել, սակայն նա հրաժարվել է խմել, որովհետև ջուրն իրոք վտանգավոր է: Նշենք, որ Ռուբիկ Հարությունյանի նշած գործողությունները սարագյուղցիներն արդեն անում են բազմաթիվ տարիներ, և ոչ մի օգուտ:  Իսկ մարզպետը իր հերթին սարագյուղցիներից հարկեր է պահանջում: Վերջին մարզխորհրդի նիստի ժամանակ Աշոտ Գիզիրյանը ոտքի էր կանգնեցրել հարկերի վճարման մեջ թերացած համայնքապետերին, որոնց թում եղել է նաև Յուրի Խչոյանը, ու նախատել, թե հարկերը բավարար չափով չեն հավաքագրում, և պահանջել է անհապաղ զաբղվել խնդրով:

Որպեսզի Շիրակի մարզպետը  զբաղվի սարագյուղցիների վերոհիշյալ խնդրով, Յուրի Խչոյանին  խորհուրդ են տվել մի նամակ էլ Գիզիրյանին գրել: Եվ մինչ նամակը կհասնի Գիզիրյանին, Սարագյուղի բնակիչները խմում եմ կյանքի համար վտանգավոր ջուրն ու դրա համար վճարում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը