Աշխարհ

01.12.2020 14:23


Ալիևն առաջարկել է Նախիջևանն Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող նոր միջանցքներ կառուցել

Ալիևն առաջարկել է Նախիջևանն Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող նոր միջանցքներ կառուցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է ստեղծել Նախիջևանը երկրի արևմտյան հատվածի հետ կապող միջանցք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նախիջևանի ինքնավար հանրապետությունը պատկանում է Ադրբեջանին, բայց նրանից բաժանվում է Հայաստանի տարածքով:

«Մենք Նախիջևանը հանում ենք շրջապատումից՝ միևնույն ժամանակ բացելով նոր տրանսպորտային զարկերակ: Կարող եմ ասել, որ դրանից կշահեն բոլոր երկրները»,-ասել է Ալիևը ժողովրդին ուղղված ուղերձում:

Նա հավելել է, որ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Հայաստանը կկարողանան միանալ նոր միջանցքին:

«Այսպիսով, տարածաշրջանում կարող է ստեղծվել համագործակցության նոր հնգակողմ հարթակ: Ես այդ գաղափարը արդեն հասցրել եմ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին: Դրան դրական են արձագանքել ինչպես Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնպես էլ Վլադիմիր Պուտինը: Սա մեր առաջարկն է: Մենք ուզում ենք, որ տարածաշրջանում հաստատվի երկարաժամկետ խաղաղություն»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևը նաև հայտարարել է, որ Բաքուն առաջարկում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող նոր միջանցք ստեղծել, փոխարենը Ադրբեջանին փոխանցել Բերձոր քաղաքը:

«Հիմա բոլորը լավ գիտեն, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին (Բերձոր) քաղաքով: Այսպիսով, Լաչին քաղաքը մնում է այս միջանցքի մեջտեղում: Ռուսաստանի նախագահի հետ զրույցներում ես ասել եմ, որ Լաչին քաղաքը նույնպես պետք է մեզ վերադարձվի: Հետևաբար, մենք առաջարկում ենք կառուցել նոր միջանցք: Մշակել երթուղի` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող նոր միջանցքի համար և կառուցել այն: Այստեղ նշվում է նաև ժամանակը` երեք տարվա ընթացքում: Բայց ես հավատում եմ, որ դա կարող ենք անել ավելի վաղ: Նոր միջանցքի պարամետրերը որոշելուց հետո Լաչին քաղաքը նույնպես կվերադարձվի մեզ: Այս հարցը արժանի է հատուկ ուշադրության, քանի որ եթե ես չհասնեի դրա ներառմանը հայտարարության մեջ, Լաչինի միջանցքը մշտապես ընդգրկելու էր Լաչին քաղաքը»,-ասել է Ալիևը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը