Լրահոս

03.05.2011 14:21


Ըստ Ռուբեն Թորոսյանի՝ ՀԱԿ–ում օրենքին համապատասխանող միայն երկու կուսակցություն կա

Ըստ Ռուբեն Թորոսյանի՝ ՀԱԿ–ում օրենքին համապատասխանող միայն երկու կուսակցություն կա

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեն, որի նախագահն է Ռուբեն Թորոսյանը, բազմիցս բարձրաձայնել է, որ խախտվում է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, և իրականում այդ օրենքին համապատասխանող միայն 10–12 կուսակցություն կա Հայաստանում։

Ռուբեն Թորոսյանի կարծիքով օրենքին չհամապատասխանող կուսակցությունների մի մասն էլ առկա է Հայ ազգային կոնգրեսում։ Նրա հետազոտությունները ցույց են տալիս, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքին ՀԱԿ–ի մեջ մտնող կուսակցություններից համապատասխանում են միայն «Հանրապետությունն» ու «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը»։

–Բայց սա ի՛մ հետազոտություններն են։ Դրան պետք է Արդարադատության նախարարությունը պատասխանի,–«7օր»–ին ասել է Ռ. Թորոսյանը,–ես օրենքի համապատասխանության մասին եմ խոսում։ Իսկ եթե նայենք՝ իրականում ինչ գոյություն ունի, կտեսնենք, որ եթե Սերժ Սարգսյանը 50 կուսակցություն է հավաքում, ուրեմն ՀԱԿ–ն էլ 18 կուսակցություն ունի։ Մտածում եք, որ եթե այդ հարցը բարձրացնում ենք, ՀԱԿ–ին չի՞ վերաբերում։ Բոլորի՛ն է վերաբերվում։ Եվ պետք է այդ հարցը լուծվի։ Որ ՀԱԿ–ն է, ես էլ ՀԱԿ–ում եմ, նշանակում է՝ պետք է անարդարություննե՞ր լինեն։ Ո՛չ։ Ցավոք, ասեմ նաև, որ այդ կուսակցությունները 10–15% հավելյալ ձայներ են բերում։ Մենք հաշվել ենք, և, օրինակ, 2007թ. ընտրություններին այդ կուսակցությունները մոտ 15–20% են բերել, և դրանք ամենաշատը գնում են հաղթողներին ու հատկապես ՀՀԿ–ին։ Պատահական չէ, որ իրենք թողնում են այդ կուսակցությունները։ Ու չհաշված նաև հակաքարոզչությունը։

Ի դեպ, թեև ՀԱԿ ղեկավարությունը հայտարարում է, որ իրենց կառույցի մեջ 18 կուսակցություն է մտնում: «Հայաստանի մարքսիստական կուսակցության» նախագահ Դավիթ Հակոբյանը վաղուց հայտարարել է, որ պաշտոնապես դուրս է եկել ՀԱԿ–ից, իսկ նույն Ռուբեն Թորոսյանի գլխավորած «Մարդու իրավունքներ 96» կուսակցությունն օրենքով լուծարված է։

–Իմը միակ արդար կուսակցությունն է։ Մենք, կարծեմ, 2007–ին, տեսնելով, որ չենք կարողանում ապահովել այդ պահանջները՝ 2000 անդամ և մասնաճյուղեր, լուծարվեցինք։ Արդարադատության նախարարությանը դիմեցինք, որ Սահմանադրության համաձայն պահպանվում ենք, ներկայացնում ենք ծրագիր և կանոնադրություն, ուղղակի իրավաբանական անձ չենք ցանկանում լինել,–պարզաբանել է Ռ. Թորոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը