Լրահոս

03.05.2011 11:12


Լրագրողի կարծիքով Հայաստանում համացանցային մամուլը համեմատաբար ազատ է

Լրագրողի կարծիքով Հայաստանում համացանցային մամուլը համեմատաբար ազատ է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է։ Լրագրող Արմեն Հովհաննիսյանը «7օր»–ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ազատ, իդեալական մամուլ կամ ինչպիսին կցանկանայինք՝ լիներ, այսօր Հայաստանում չկա։

–Մամուլ, որը զուտ տեղեկատվություն է հաղորդում ընթերցողներին և հնարավորինս անկախ է խոշոր ֆինանսական աղբյուրներից, պետությունից և քաղաքական ուժերից, մենք, ցավոք, չունենք։ Համենայնդեպս, կարող է՝ առանձին լրատվամիջոցներ փորձում են ինչ–որ կերպ համապատասխանել այդ չափանիշներին, բայց, ընդհանուր առմամբ, չունենք։ Դա որոշ չափով կոմպենսացվում է նրանով, որ մենք ունենք մամուլի տարբե՛ր միջոցներ, այսինքն՝ տարբեր ուժերից կախված, տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցող, տարբեր ֆինանսական աղբյուրներից օգտվող։ Դա, իհարկե, տարբերվում է Թուրքմենստանից կամ նախկին Սովետական Միությունից այն առումով, որ ինչ–որ բազմազանություն կա, բայց ես չեմ կարող համարել, որ դա ազատ մամուլ է։ Պարզապես սա անազատությունների բազմազանություն է, որը հնարավորություն է տալիս ընթերցողին ընտրություն կատարել,–ասել է Ա. Հովհաննիսյանը։

Լրագրողը նման իրավիճակը պայմանավորում է ֆինանսական խնդիրներով, քանի որ ԶԼՄ պահելը բավական թանկ և ոչ շահութաբեր «հաճույք» է։ Իսկ հեռուստաընկերության կամ տպագիր մամուլի համեմատ, ըստ Ա. Հովհաննիսյանի, էլկտրոնային՝ համացանցային մամուլը համեմատաբար ազատ է։

–Էլեկտրոնային՝ վիրտուալ մամուլ պահելն այսօր ամենաքիչ ծախսեր պահանջողն է, և դա բերում է նրան, որ այստեղ ազատությունն ավելի շատ է,–նշել է լրագրողը,–հեռուստատեսությունը շատ ծախսատար է։ Անգամ եթե իշխանությունն իր «թաթը» հանի և ազատություն տա, ես համոզված եմ, որ իսկապես անկախ հեռուստաալիքների գոյությունը շատ կասկածելի է լինելու, որովհետև դա շատ մեծ ներդրումներ պահանջող գործունեության ձև է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը