Լրահոս

03.05.2011 10:50


Մուամար Քադաֆին չի մասնակցել իր որդու թաղման արարողությանը

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, Լիբիայի ղեկավար  Մուամար  Քադաֆին այդպես էլ չի  հայտնվել իր որդու՝ Սեյֆ ալ Արաբ Քադաֆիի թաղման արարողությանը, որը սպանվել էր ապրիլի երեսունի՝ լույս մայիսի մեկի գիշերը։

Լիբիայի ղեկավարի փոխարեն շուրջ երկու հազար մարդկանց մեջ է հայտնվել սպանվածի եղբայրը՝ Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին՝  սև բեդվինյան հագուստով։

Մարդիկ, ովքեր հավաքվել էին Հանի գերեզմանատանը՝ ի պաշտպանություն Մուամար Քադաֆիի, բացականչել են կարգախոսներ և վեր թափահարել բռունքցքները։

Բռնակալի որդու հետ թաղվել են նաև  այն երեք երեխաները, որոնք նույն օդային հարվածի հետևանքով էին սպանվել։ Ինչպես պարզաբանվել  է ավելի ուշ, այդ երեխաները եղել են ոչ թե Սեյֆ ալ Արաբի որդիները, այլ զարմիկները՝ Հանիբալ, Աիշ և Մուհամմեդ Քադաֆիի որդիները։

«Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ՝ այս ընթացում Բենգազում Լիբիայի  ապստամբների  ներկայացուցիչ Ահմեդ Բանին ողջունել է ԱՄՆ–ին Բեն Լադենի սպանության կապակցությամբ։

–Մենք  շատ  ուրախ ենք և արդեն անհամբեր  նոր  զարգացումների  ենք սպասում։ Ցանկանում ենք, որ ամերիկացիները նույն բանն անեն Քադաֆիի հետ,–ասել է Բանին։

Նրա խոսքերով՝ Քադաֆիի  զորքերի հետ մեկտեղ իրենց դեմ պատերազմել են նաև «Ալ Քաիդայի» գրոհայինները։

–Ուսամա Բեն Լադենը նաև մե՛ր դեմ էր պատերազմում։ Նա նաև մե՛ր  թշնամին էր,–ասել է ընդդիմադիրը։

Այս խորագրի վերջին նյութերը